«Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը»․ Էդմոն Մարուքյան

«Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Հայկական համացանցը ցնցվեց, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։

Երեկ պարզվեց նաև, թե ով է կանգնած այդ հիմնադրամի հետևում։ Եվ ահա Հայաստան ժամանած մրցանակի հանձնաժողովի անդամներից էր նաև մեր ժողովրդին քաջ հայտնի՝ Շարլ Միշելը, որի հանձնառությամբ Լեռնային Ղարաբաղում պետք է ապրեին, ըստ իր ձևակերպման, «էթնիկ» հայերը՝ միջազգային մեխանիզմներով ապահովված անվտանգության և իրավունքների ներքո։

Եթե Շարլ Միշելի տեսլականն էթնիկ զտված և հայաթափված Արցախն էր, ապա անհրաժեշտ էր հենց սկզբից դրա մասին անկեղծ հայտարարել ու դրա դիմաց մրցանակ առաջարկել։

Իմ հիշողություններում Շարլ Միշելը տպավորվել է հատկապես նրանով, որ 2023 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից ընդամենը 12 օր անց Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական մասշտաբային հարձակման․ ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացվեցին և մնում են այդպես մինչև այսօր, հայ կին զինծառայողն անդամահատվեց, հայ անզեն ռազմագերիները գնդակահարվեցին դիրքում, և չեղավ ոչ մի միջազգային հայց, ոչ մի հետաքննություն, ոչ մի դատապարտում՝ զրո հետևանք։

Մեր ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը, քանի որ նա չի ներկայացնում արդարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ԵՄ-ի կողմից ներկայացվող արժեքները։ Միշելը Ալիևի հերթական թշվառ լոբիստն է, և այս մրցանակը նա բերել է Փաշինյանին՝ ի աջակցություն առաջիկա Աժ ընտրություններին, որպեսզի մեր ժողովուրդը խաբվի և վերընտրի մրցանակակրին»։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան

Leave a Comment