21 հունվարի 2026 – 10:34 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ Վահագն Խաչատուրյանը Դավոսում կայացած «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկման ժամանակ հանդես է եկել ելույթով, հայտնում է Panorama.am-ը:
Նա ասել է․ «Ինչպես նշեց նախագահ Ալիևը՝ մենք քաղաքական կամք և խիզախություն ենք դրսևորել հանուն խաղաղության։ Մենք ապրում ենք մի իրավիճակում, որը չենք տեսել ավելի քան 30 տարի։ Երկու տարի կամ նույնիսկ մեկ տարի առաջ անհավատալի էր մտածել, որ մենք կարող ենք հասնել այս իրավիճակին: Հիմա Ադրբեջանից բեռները Վրաստանի տարածքով գնում են Հայաստան, և ես վստահ եմ, որ մի օր մենք կկարողանանք դրանք տեղափոխել անմիջապես մեր տարածքով։ Դա թույլ կտա ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև և հաղթահարել 90-ականների խնդիրները։
Ամենակարևորը՝ մենք առաջ ենք նայում։ Եթե կենտրոնանանք անցյալի վրա և փնտրենք տեղի ունեցածի պատճառները, մենք բաց կթողնենք հնարավորությունները: Մենք գնահատում և գիտակցում ենք դա: Ինչպես նշել է նախագահ Ալիևը, մենք պետք է սովորենք ապրել խաղաղության մեջ, և կարող եմ հավաստիացնել, որ մեզ համար դա նույնպես անսովոր և նոր իրականություն է…
Այժմ Ադրբեջանից բեռները տարանցվում են Վրաստանի տարածքով, սակայն հեռանկարային առումով հնարավոր են ուղղակի մատակարարումներ երկրների միջև։ Ձեռք բերված համաձայնությունները հիմնված են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա, իսկ սահմանների բացումը տրամաբանական քայլ կլինի հարաբերությունների զարգացման համար։ Համագործակցությունը Հարավային Կովկասը կդարձնի քաղաքականապես և տնտեսապես ավելի կայուն և շահավետ տարածաշրջան Եվրոպայի և Ասիայի միջև: Շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի ղեկավարությանը, անձամբ նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խաղաղությանը հավատարիմ մնալու համար»,-ասել է ՀՀ նախագահը:
Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Թուրքիայի և Լիմակ ընկերության ներկայացուցիչ Էբրու Օզդեմիրի հետ։
«Նախագահն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր դերակատարությանը Հարավային Կովկասի երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաև Արևելք Արևմուտք բնականոն հաղորդակցության ապահովման ու տնտեսական ազատ համագործակցության տեսանկյունից։ Շեշտվել է, որ խաղաղ և կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև ստեղծելով տնտեսական զարգացման բազմաշերտ հնարավորություններ»,-ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: