Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին խայտառակություն է որակել մրցակից թիմի՝ Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի պահվածքը Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակչում։
Հանդիպման հիմնական ժամանակի ավելացված 8-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց էր նշանակել Սենեգալի դարպասին։ Ի նշան բողոքի՝ Սենեգալի գլխավոր մարզիչը կարգադրել էր թիմին լքել խաղադաշտը, և ֆուտբոլիստների մեծ մասը ենթարկվել էր հրահանգին։ Սակայն թիմի ավագ Սադիո Մանեի հորդորներից հետո նրանք վերադարձել էին խաղադաշտ։ Խաղի վերսկսումից հետո՝ ավելացված 24-րդ րոպեին, Մարոկկոյի թիմի կիսապաշտպան Բրաիմ Դիասը չէր կարողացել իրացնել 11 մետրանոցը։
«Եթե նայենք այս խաղին, ապա Աֆրիկայի մասին մեր ստեղծած պատկերը որոշ չափով խայտառակություն է։ Երբ մարզիչը պահանջում է խաղացողներին լքել դաշտը… Պետք է միշտ պահպանել արժանապատվությունը թե՛ պարտության, թե՛ հաղթանակի դեպքում», — RMC Sport-ի փոխանցմամբ՝ նշել է Ռեգրագին։
Մարոկկոյի թիմի մարզիչն ընդգծել է, որ Սենեգալի ընտրանու գլխավոր մարզչի արարքը հարիր չէր Աֆրիկային, քանի որ խաղն ամբողջ աշխարհի աչքի առաջ դադարեցվել էր առնվազն տասը րոպեով։
Նշենք նաև, որ միջադեպից և հաղթանակից հետո Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարվել էր մասնակցել մամուլի ասուլիսին։