Դավոսում քննարկվել են Հայաստան–Լեհաստան համագործակցության զարգացման նոր հնարավորությունները

Քաղաքականություն

20.01.2026 | 22:52

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, գործարար և կրթական ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սերտ համագործակցության օրակարգային հարցեր՝ քաղաքական, ֆինանսատնտեսական, գործարար և կրթական ոլորտներում: Երկուստեք ընդգծվել է արդյունավետ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ քայլերի ներդրման կարևորությունը, մասնավորապես փոխգործակցության նոր ծրագրերի մշակման և ներդրումային նախաձեռնությունների խթանման ուղղությամբ:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ընդհանուր իրադրությանը։ Ընդգծելով խաղաղության և կայունության կարևորագույն դերակատարությունը ամբողջ տարածաշրջանի զարգացման համար: Այս համատեքստում կարևոր է գնահատվել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչումը, ինչպես նաև օգոստոսի 8-ի համաձայնագրի դերը՝ որպես արդյունավետ գործիք հաղորդակցության ուղիների գործարկման և տնտեսական ու ենթակառուցվածքային զարգացման ապահովման համար:

Նշվել է, որ Tripp նախագիծը հանդիսանում է տարածաշրջանը միավորող հարթակ և խթանում է առևտրային, տրանսպորտային կապերի արդյունավետ կազմակերպումը, ինչը մեծապես նպաստում է տարածաշրջանային զարգացմանը և համագործակցության խորացմանը:

Հանդիպման ավարտին Լեհաստանի նախագահը հրավիրել է Հայաստանի Հանրապետության նախագահին այցելել Լեհաստան հարմար պահի, ինչն ընդգծում է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ վստահության նոր մակարդակ անցնելու պատրաստակամությունը:

Leave a Comment