Հայաստանը խնդրել է Ադրբեջանի տարածքով բեռների տարանցումը Ռուսաստան. Ալիև

Քաղաքականություն

20.01.2026 | 22:10

Հայաստանը խնդրել է Ադրբեջանի տարածքով բեռների տարանցումը Ռուսաստան։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա նիստի շրջանակներում պանելային քննարկմանը:

«Ես շատ ուրախ եմ, որ անկախության տարիներին մեզ հաջողվել է շատ սերտ աշխատանքային հարաբերություններ կառուցել մեր բոլոր հարևանների հետ, բացառությամբ, իհարկե, Հայաստանի, այն պատճառներով, որոնք բոլորին հայտնի են։ Դե ֆակտո խաղաղություն հաստատելուց հետո մենք նաև սկսեցինք տնտեսական համագործակցություն և արտահանման գործողություններ»,- ասել է նա։

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ Ադրբեջանը վերացրել է Ղազախստանից և Ռուսաստանից Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:

«Եվ հիմա մենք հայկական կողմից հարցում ենք ստացել Հայաստանից Ռուսաստան տարանցման ապահովման վերաբերյալ: Այսպիսով, մենք դե ֆակտո միակողմանի բացել ենք միջանցքները։ Այո, հիմա փոխադրումներն իրականացվում են Վրաստանով, բայց մի օր դրանք կանցնեն Հայաստանով։ Եվ մի օր Հայաստանն ուղիղ մատակարարումներ կիրականացնի Ադրբեջանից, և այդ օրն այնքան էլ հեռու չէ»,- ասել է նա։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ ռուսական հեղուկ գազը շուտով Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղու միջոցով կներմուծվի Հայաստան։

Leave a Comment