Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի․ ի՞նչ են ամենաշատը գերադասում ձեռք բերել նրանք

Միլիարդատերերն այսօր աշխարհում ավելի շատ փող և քաղաքական իշխանություն ունեն, քան երբևէ՝ ներկայացված է Oxfam բարեգործական կազմակերպության նոր զեկույցում, որում մտահոգություն է ներկայացված, որ միլիարդատերերը ոչ միայն ավելի հարուստ են, քան երբևէ, այլև ամրապնդում են իրենց վերահսկողությունը քաղաքականության, լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի նկատմամբ։  

Աշխարհի բնակչության ամենահարուստ 1 տոկոսը վերահսկում է համաշխարհային հարստության գրեթե 44 տոկոսը։ Oxfam-ի նոր զեկույցի տվյալներով՝ մոլորակի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, ընդամենը չորս վայրկյանում վաստակում է այն գումարը, որը համարժեք է աշխարհում միջին տարեկան եկամտին։

«Մենք ապրում ենք միլիարդատերերի դարաշրջանում, և դա վատ լուր է աշխարհի համար»։

Հայտարարությունը Oxfam Germany-ի նախագահ Շառլոտ Բեքերիինն է, ում գնահատմամբ՝ գերհարուստների տնտեսական ուժը հաճախ վերածվում է քաղաքական ազդեցության՝ խաթարելով ժողովրդավարական գործընթացները։

Oxfam բարեգործական կազմակերպությունների կոալիցիայի տարեկան զեկույցի համաձայն՝ 2025-ի տվյալներով՝ աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը կհասնի պատմական առավելագույնի՝ 18.3 տրիլիոն դոլարի։ Սա մոտ 2.5 տրիլիոն դոլարով ավելի է, քան նախորդ տարիներին։ 2020 թվականի մարտից ի վեր միլիարդատերերի կարողությունն աճել է շուրջ 81 տոկոսով, մինչդեռ մարդկության գրեթե կեսը շարունակում է ապրել աղքատության մեջ՝ տնօրինելով համաշխարհային հարստության ընդամենը 0.52 տոկոսը։

Oxfam-ի զեկույցը նշում է, որ միլիարդատերերի կարողությունների աճի տեմպերը նկատելի են դարձել 2024 թվականին Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո։ Թեև ամենախոշոր շահույթներն արձանագրվել են ԱՄՆ-ում, Oxfam-ը փաստում է, որ այս միտումը գլոբալ է Եվրոպայում, Ասիայում և զարգացող տնտեսություններում։ Այստեղ միլիարդատերերի կարողությունները նույնպես աճել են երկնիշ տոկոսներով։

Այս հակադրությունը, ըստ Oxfam-ի, դառնում է աշխարհի ամենախորը սոցիալական ճեղքերից մեկը․ մի կողմում՝ պատմական չափերի հասնող գերհարստություն, մյուսում՝ միլիարդավոր մարդիկ, որոնք չունեն բավարար սնունդ և կենսապահովման միջոցներ։  Oxfam-ի ներկայացուցիչները նշում են․

«Այսպիսի անհավասարությունն այլևս պարզապես տնտեսական խնդիր չէայն ուղղակի սպառնալիք է սոցիալական կայունությանը և ժողովրդավարությանը»։

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում Գերմանիային։ Oxfam-ի գնահատմամբ՝ երկիրը ներկայում աշխարհում չորրորդն է միլիարդատերերի թվով։ Միայն 2025 թվականին նրանց թիվն  աճել է մոտ մեկ երրորդով՝ հասնելով 172-ի։

Կազմակերպության տվյալներով՝ միջին գերմանացի միլիարդատերն ընդամենը մեկուկես ժամում վաստակում է այն գումարը, որը համարժեք է Գերմանիայում միջին տարեկան եկամտին։ Միևնույն ժամանակ, երկրում բնակչության շուրջ 20 տոկոսն ապրում է աղքատության մեջ։  Այս իրողությունների ֆոնին Oxfam-ը կրկին կոչ է անում գերհարուստների համար սահմանել ավելի խիստ և հետևողական հարկման մեխանիզմ՝ թե՛ Գերմանիայում, թե՛ ողջ աշխարհում։

«Միլիարդատերերին վերաբերող հատուկ հարկի ներդրումը կարող է  հանգեցնել հարստության ավելի արդար բաշխման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և ժողովրդավարության պաշտպանության այն պայմաններում, երբ տնտեսական անհավասարությունը շարունակում է խորանալ»։

Ըստ զեկույցի՝ 2020 թվականից աղքատության կրճատումը ընդհանուր առմամբ կանգ է առել, Աֆրիկայում նույնիսկ աճել է։ 2022 թվականին աշխարհի բնակչության գրեթե կեսը (48%) կամ 3.83 միլիարդ մարդ ապրում էր աղքատության մեջ։ «Օքսֆամ»-ի՝ գլոբալ անհավասարության մասին տարեկան զեկույցը հրապարակվել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հանդիպման բացման օրը, երբ սովորաբար հավաքվում են աշխարհի մոտ 1000 ամենահարուստ մարդիկ, քաղաքական առաջնորդներ և ակտիվիստներ։

Հետազոտությունը խիստ ուշագրավ կետ է առանձնացրել․ գերհարուստ մարդիկ ավելի ու ավելի լայնորեն են վերահսկում տեղեկատվության միջոցները՝ ինչպես ավանդական լրատվամիջոցները, այնպես էլ նոր մեդիաները։ Օրինակ՝ Ջեֆ Բեզոսը՝ The Washington Post-ը, Իլոն Մասկը՝ Twitter/X-ը, Պատրիկ Սուն-Շիոնգը՝ Los Angeles Times-ը, իսկ ծայրահեղ աջ հայացքներ ունեցող Վինսենտ Բոլորը՝ Ֆրանսիայում CNews հեռուստաընկերությունը։ Oxfam International-ի գործադիր տնօրեն Ամիտաբհ Բեհարն ասել է․

«Գերհարուստ մարդկանց շատ մեծ ազդեցությունը մեր քաղաքականության, տնտեսության և լրատվամիջոցների վրա ավելի է խորացրել անհավասարությունը և մեզ շեղել աղքատության դեմ պայքարից»։

Oxfam-ը գնահատել է նաև մեծահարուստների ունեցվածքի քաղաքական ազդեցությունը․66 երկրում  հարցման արդյունքներով՝ հարցվածների գրեթե կեսը կարծում է, որ հարուստ մարդիկ հաճախ են «գնում» ընտրություններն  իրենց երկրներում։

Ամիտաբհ Բեհար․ «Հարուստների և մնացածի միջև մեծացող անդունդը միևնույն ժամանակ ստեղծում է քաղաքական դեֆիցիտ, որը խիստ վտանգավոր է և անկայուն»։ 

Հայերի մասին  տվյալներ Oxfam-ի զեկույցում չկան։ Այդպիսիք կան  Forbes-ի՝ միջազգային ճանաչում ունեցող  անձանց 2025 թվականի ցուցակում․ ներառված են տեղեկություններ 8 հայի  կամ հայկական արմատներ ունեցող միլիարդատիրոջ կարողությունների մասին, որոնք տատանվում են 1.2-ից  6 միլիարդ դոլարի միջև։ Ամենահարուստ հայը Ալբերտ Ավդոլյանն է՝ շուրջ 5.7 միլիարդ դոլար կարողությամբ, նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում  717-րդն է, գործունեություն է ծավալում Ռուսաստանի Հեռավոր Արևելքում և Սիբիրում՝ ածխի ու գազի արդյունահանման ոլորտում։ Նրան հաջորդում են Էդուարդո Էռնեկյանը՝ 3.4 մլրդ դոլար, «Տաշիր հոլդինգ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 3.2 մլրդ դոլար, Քիմ Քարդաշյանը, Ռուբեն Վարդանյանը, «Moderna»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «Fix Price» ցանցի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը։

Oxfam –ի զեկույցում նշվում է, որ աշխարհը հասել է  անհավասարության կրիտիկական կետին, երբ գերհարուստներն իրացնում են իրենց իշխանությունը քաղաքական ինստիտուտների,  լրատվամիջոցների և արդարադատության ինստիտուտների միջոցով։ Միևնույն ժամանակ, միլիարդավոր մարդիկ բախվում են անխուսափելի դժվարությունների։

Leave a Comment