Ես միշտ փակ եմ պահել բերանս, բայց հիմա այլևս չեմ կարող լռել․ Օլիվեր Գլասներ

«Քրիստալ Փելասի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները սուր քննադատության է ենթարկել ակումբի քաղաքականությունը՝ կապված պաշտպան Մարկ Գեհիի «Մանչեսթեր Սիթի» սպասվող տեղափոխության հետ։

Մարզիչն իր վրդովմունքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Սանդերլենդից» կրած պարտությունից (1։2) հետո։

«Զգում եմ, որ մեզ լիովին բախտի քմահաճույքին են թողել։ Մենք ոչ մի աջակցություն չենք ստանում։ Ամենասարսափելին այն է, որ մեր ավագին վաճառեցին Պրեմիեր լիգայի հանդիպումից ընդամենը մեկ օր առաջ։ Ես դա չեմ հասկանում։ Ես միշտ փակ եմ պահել բերանս, բայց հիմա այլևս չեմ կարող լռել, քանի որ պարտավոր եմ պաշտպանել իմ խաղացողներին»,-նշել է մարզիչը։

Մարզիչը զուգահեռներ է անցկացրել ամռանը տեղի ունեցած Էբերեչի Էզեի տրանսֆերի հետ։

«Այս մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ են խաղից մեկ օր առաջ, կարծես պոկում մեր սիրտը. նախ՝ Էզեն՝ ամռանը, իսկ հիմա՝ Գեհին… Ի՞նչ պետք է ես անընդհատ ասեմ ֆուտբոլիստներին։ Նայում եմ պահեստայինների նստարանին և չեմ կարողանում չարձագանքել… այնտեղ ուղղակի երեխաներ են նստած։ Ահա թե ինչու եմ այսքան հիասթափված», – Գլասների խոսքերն է մեջբերում BBC-ն։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, ըստ որոնց՝ Մարկ Գեհին «Մանչեսթեր Սիթի» կտեղափոխվի 26 մլն ֆունտ ստեռլինգով։

Leave a Comment