Նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են վերջին շրջանում մեր երկրից արտահանվող բուսասանիտարական հսկողության ենթակա բեռներում ներմուծող երկրի կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերմամբ, ինչը խնդիրներ է առաջացնում հայկական ծագմամբ բեռների անխափան արտահանման գործընթացում: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Զեկուցողի խոսքով վերոնշյալ խնդրի լուծման առավել արդյունավետ մեխանիզմներից է արտահանումից առաջ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման իրականացումը:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումը սահմանել որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: «Սա հնարավորություն կտա ապահովել վարակազերծման աշխատանքների իրականացումը միայն համապատասխան մասնագիտական կարողություններ, տեխնիկական պայմաններ եւ թույլատրելի մեթոդներ ունեցող կազմակերպությունների կողմից»,- ընդգծել է Տաթեւիկ Սարգսյանը եւ հավելել, որ նման կարգավորումը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում, ինչպես նաեւ որոշ երկրներում կիրառվող մոտեցումներին:
«Լիցենզավորման մասին» օրենքում նախատեսվում է պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությունն ու վաճառքը սահմանել որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Փոխնախարարի դիտարկմամբ վերջին տարիներին նկատվում է պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության, շրջանառության եւ կիրառման ծավալների աճ: Պատշաճ կանոնակարգման բացակայության պայմաններում այդ նյութերի ոչ վերահսկելի արտադրությունն ու վաճառքը կարող են լուրջ վտանգներ ստեղծել մարդու եւ կենդանիների առողջության ու շրջակա միջավայրի համար:
Նշվել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կմշակվի պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության ու վաճառքի լիցենզավորման կարգը, որով կսահմանվեն պեստիցիդների արտադրությանը, պահեստավորմանը, պիտակավորմանը, իրացմանն ու կիրառմանը ներկայացվող պահանջներ:
«Կարգավորումը հնարավորություն կտա ոչ միայն արձագանքել առկա խախտումներին, այլեւ իրականացնել կանխարգելիչ վերահսկողություն՝ ուղղված մարդու առողջության, շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովմանը»,- նշել է Կառավարության ներկայացուցիչը:
Զեկուցողի տեղեկացմամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին վերապահվում է կարանտին վնասակար օրգանիզմների մշտադիտարկման իրականացումը հանրապետության տարածքում եւ կարանտինի սահմանումը:
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Դանիելյանը: Նա նշել է, որ նախաձեռնությունը մանրամասն քննարկվել է գլխադասային հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

