20 հունվարի 2026 – 17:05 AMT
PanARMENIAN.Net – 2025 թվականին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մթնոլորտային օդի պաշտպանության ուղղությամբ արձանագրել է 617 իրավախախտում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը նշել է, որ 63 այդպիսի դեպքով հաշվարկվել է մթնոլորտային օդին հասցված վնասի չափը, որն ընդհանուր կազմում է 160 մլն 881 հազար դրամ։ Նա նաև ընդգծել է, որ արձանագրված դեպքերից 217-ը տեղի է ունեցել Երևանում։
Մասնավորապես, մայրաքաղաքում գրանցվել է 15 դեպք, երբ սորուն նյութերը տեղափոխվել են առանց անթափանց ծածկույթի։ Մարտիրոսյանի խոսքով՝ սա համարվում է դրական միտում, քանի որ 2021 թվականին այս բնագավառում մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել էր ավելի քան 127 խախտում։ Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում վարորդների մոտ ձևավորվել է ավելի պատշաճ վարքագիծ։
Մթնոլորտային օդի պահպանման կանոնների խախտումներից 99 դեպք արձանագրվել է շինարարական ոլորտում, իսկ հանքարդյունաբերության ոլորտում՝ 15 դեպք։ Տարվա ընթացքում արձանագրվել է նաև 226 դեպք, որոնք վերաբերում են խոզանների, տերևների, թափոնների և մալուխների այրմանը։
«Եվս մեկ անգամ հորդորում եմ մեր քաղաքացիներին խոզանների, տերևների այրում չիրականացնեն։ Դա որևէ օգուտ չի բերում, հակառակը՝ աղտոտում է օդը, առողջությանը վնաս է, դրանից բացի հողերի դեգրադացիա է առաջացնում և ընդհանրապես հողի բերքատվությունը ցածրացնում է»,– նշել է Հովհաննես Մարտիրոսյանը։