Aurora News | Խանդանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը արտերկրում անցկացնելու որոշման մասին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն Ավստրիայում անցկացնելու որոշմանը։

Պատգամավորը այդ քայլը որակել է որպես ինքնամեկուսացում պետությունից և պետական շահերից։ Ճեպազրույցի ժամանակ Խանդանյանը հայտարարել է, որ այդ որոշումը կայացնողները պետք է պատասխանեն, թե ինչու են Հայաստանի անունը կրող կառույցի կարևորագույն ժողովը տեղափոխել երկրից դուրս։

«Շատ տարակուսելի է, որ կրոնական կազմակերպությունը կամ ինստիտուտը, որի անունն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, իր գլխավոր ժողովներից մեկը կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Եվ սա նաև փաստ և փաստարկ է այն պնդման, որ այդ մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում Հայաստանի Հանրապետությունից»,– ասել է Խանդանյանը։

Ըստ պատգամավորի՝ նման որոշումները ցույց են տալիս, որ եկեղեցու վերնախավի նպատակը ոչ թե Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը նպաստելն է, այլ ի թիվս այլ նպատակների՝ սպասարկել այլ շահեր։

Leave a Comment