ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր գործընկերների հետ այսօր տեսակցել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող «Սիսական» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, ռազմական գործիչ Աշոտ Մինասյանին։ 24News-ի հետ զրույցում Դանիելյանը նշեց, որ հրամանատարի ոգին ամուր է, տրամադրությունը լավ էր, մարտական էր, ընկճվածություն չուներ:
«Նա կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի, բայց չբողոքեց, շատ զուսպ մարդ է, էդ մարդը չի, էլի, որ դրանից խոսի: Գիտեք՝ ինչ ճանապարհ է անցել, ինչ ծառայություններ է մատուցել հայրենիքին, նրա տեղը կալանավայրում չէ, գործը շինծու է, մենք մտահոգ ենք այդ հարցով»:
Գառնիկ Դանիելյանը նաև պատմեց, որ հանդիպմանը Աշոտ Մինասյանը մտահոգություն է հայտնել Եկեղեցու դեմ իշխանության կողմից իրականացվող բռնաճնշումների մասով։
«Նա անթույլատրելի է համարում իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, իր գնահատականն է տվել հերձված տիրադավ հոգևորականներին, որոնք դուրս են եկել Եկեղեցու դեմ: Հրամանատարը ափսոսանք հայտնեց ստեղծված իրավիճակի շուրջ, ասաց, որ, ցավ է ապրում»:
Հասմիկ Կիրակոսյան