Արփինե Սարգսյանը ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին

Հասարակություն

20.01.2026 | 16:00

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության կենտրոնական վարչակազմերին է ներկայացրել ծառայությունների նորանշանակ ղեկավարներին՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանին և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։

«Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կամո Ցուցուլյանին՝ Փրկարար ծառայությունում ցուցաբերած բարձր պատասխանատվության, ներդրած ջանքերի և արդյունավետ աշխատանքի համար։

Նախարարը վստահություն է հայտնել, որ նրա փորձառությունն ու գիտելիքները կնպաստեն Ոստիկանության համակարգի շարունակական զարգացմանն ու ներքին անվտանգության ամրապնդմանը՝ պահպանելով բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարության որդեգրած մոտեցումներն ու սկզբունքները։

Արփինե Սարգսյանը Ոստիկանությունում կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արամ Ղազարյանին՝ ընդգծելով Փրկարար ծառայության վերափոխման և ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլում թե՛ Ոստիկանությունում, թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններում նրա փորձն ու գիտելիքի կարևորությունը, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում ունեցած փորձառությունը:

Կամո Ցուցուլյանն ու Արամ Ղազարյանը շնորհակալություն են հայտնել ՆԳ նախարարին վստահության համար և ընդգծել իրենց պատրաստակամությունը նպաստելու համակարգի զարգացմանն ու բարեփոխումների շարունակականությանը։

Քննարկվել են նաև ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment