20 հունվարի 2026 – 14:15 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովում քննարկվում է կառավարության առաջարկած օրենսդրական փաթեթը, որը վերաբերում է փոփոխություններին վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում։
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը նշել է, որ նախագիծը նպատակ ունի լուծել երկու առանցքային խնդիր՝ նվազեցնել վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը և կրճատել գործերի քննության ժամանակահատվածը, հայտնում է 1lurer.am-ը։
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ վերաքննիչ բողոքների քննությունը վարչական գործերով կկատարվի գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը՝ իր նախաձեռնությամբ կամ կողմի հիմնավորված միջնորդությամբ, կհամարի, որ անհրաժեշտ է անցկացնել դատական նիստ։
«Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է հետևյալին. առաջարկում ենք, որ այն դեպքերում, երբ պետական կամ ՏԻՄ մարմինների դեմ վճիռ է կայացվել վարչական դատարանում, և այդ վճիռը վերաբերում է 300 հազար դրամը չգերացանցող տուգանքներին, վարչական մարմինը չկարողանա այդ ակտերը բողոքարկել վերաքննիչ ատյան, այսինքն՝ պետությունը, ըստ էության, հրաժարվում է իր բողոքարկման իրավունքից վերաքննիչ ատյանում, որպեսզի դրանով կարողանա նպաստել վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությանը, և քաղաքացիների բողոքները ավելի կարևոր գործերով կարողանան ավելի արագ քննվել»,- հայտնել է Դադունցը:
Նրա ներկայացրած վիճակագրության համաձայն՝ միայն 2024 թվականին վերաքննիչ վարչական դատարան է ներկայացվել 8748 բողոք, որոնցից 2877-ը վերաբերել է ֆինանսական պարտավորություններ առաջացնող վարչական ակտերին։
Դադունցն ընդգծել է, որ այդ բողոքների 80 տոկոսը ներկայացվել են հենց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, և դրանց 65 տոկոսի դեպքում վիճարկվող տուգանքները չեն գերազանցել 25 հազար դրամը։
Այս իրավիճակը, ըստ փոխնախարարի, հանգեցրել է ոչ արդյունավետ ռեսուրսների ծախսի՝ դատարանի, աշխատակազմի, ծանուցումների ու այլ ծախսերի տեսքով, մինչդեռ բողոքարկումների զգալի մասը դատարանում բավարարվել չէ։
Նա հայտնել է, որ նախաձեռնության իրականացման արդյունքում ակնկալվում է վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածության նվազում մինչև 30 տոկոսով, ինչը կնպաստի արագ և արդյունավետ դատական քննության իրականացմանը։
«Մենք առաջարկում ենք նաև վերաքննիչ բողոքների քննության համար վարչական դատարանում հստակ ժամկետ սահմանել՝ 6 ամիս, որը որոշ դեպքերում, դատարանի պատճառաբանված որոշմամբ, կախված գործի հանգամանքներից, կարող է երկարաձգվել մինչև 4 ամսով, այսինքն՝ առաջարկում ենք առավելագույնը 10 ամիս գործի քննության ժամկետ վերաքննիչ վարչական դատարանում բողոքների քննության համար»,- տեղեկացրել է Դադունցը: