20 հունվարի 2026 – 14:56 AMT
PanARMENIAN.Net – «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, պատասխանելով Թրամփի ուղու մասին հարցին, ասել է, որ «TRIPP-ն այս պահին Հայաստանի համար բացում է հնարավորություններ ու առաջ բերում ռիսկեր»:
Նա հնարավորություն է որակել ԱՄՆ-ին երաշխավոևրի մակարդակ բերելը, հայտնում է Panorama.am-ը։
«Մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա մեկից ավելի երաշխավոր։ Մենք տեսնում ենք, ինչ է տեղի ունենում այն երկրների, տարածաշրջանների հետ, որոնք չունեն երաշխավոր կամ ունեն մեկ երաշխավոր։ Կարող է՝ տարօրինակ բան ասեմ, բայց 21-րդ դարում փոքր երկրները սկսկել են ավելի լավ ապրել, քանի որ կառավարությունները դինամիկ են, բայց ունեն անվտանգային խնդիր։ Շատ կարևոր է այնտեղ ԱՄՆ-ի ներկայությունը»,-ասել է նա:
Նա շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի բազմակողմ անվտանգության համակարգի ձևավորմանը։
Կարապետյանը նշել է, որ թուրքերի հետ բանակցություններում թուղթը փոփոխական է, իսկ երաշխավորները՝ հաստատուն։
Ինչ վերաբերում է մինչև ասուլիսը ներկայացրած տնտեսական հինգ քայլի իրականացման ժամկետներին, ապա «Մեր ձևով» շարժման համակարգողն ասել է, որ նախատեսում են դրանք իրականացնել 5 տարվա ընթացքում։
«Իշխանության փոփոխության առաջին տարին լինելու է այս պրոցեսների պատրաստման տարի։ Երկրորդ տարվանից զգացվելու են լուրջ փոփոխություններ, երրորդ տարվանից մենք առնչվելու ենք պտուղների հետ»,-ասել է Կարապետյանը՝ ավելացնելով, որ դրանց արդյունքում երկիր մտնելու են աննախադեպ ներդրումներ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։