ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակած 2026 թվականի տարեկան զեկույցում ներկայացվում են Հայաստանի առջև ծառացած հիմնական հիբրիդային և անվտանգային սպառնալիքները։
Զեկույցում նշվում է, որ 2026 թվականին կայանալիք ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի դեմ արտաքին տարբեր դերակատարների կողմից իրականացվող ազդեցության գործողությունները մեծ հավանականությամբ կդառնան ավելի ընդգրկուն, բարդ և մասշտաբային։ Ծառայության գնահատմամբ՝ հնարավոր են տեղեկատվական վնասարար գործողություններ՝ կեղծ, խեղաթյուրված կամ համատեքստից կտրված տեղեկատվության տարածմամբ։
Բացի այդ, զեկույցում կանխատեսվում են վնասակար կիբեռգործողություններ, ինչպես նաև «գետնի վրա» գործակալական ցանցերի ակտիվացում, որոնք կարող են ներկայանալ որպես տեղական քաղաքական ակտիվություն։ Հատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդության և ակտիվիստական խմբերի թիրախավորմանը, որոնց քաղաքական հայացքներն ու հայրենասիրական զգացմունքները կարող են շահագործվել և մանիպուլացվել տարբեր ծրագրերի միջոցով։
Արտաքին հետախուզության տվյալներով՝ 2026 թվականին միջազգային ահաբեկչությունը կշարունակի մնալ զարգացող և վերափոխվող համաշխարհային սպառնալիք՝ ընդգրկելով ավելի լայն աշխարհագրություն։ Նշվում է, որ տեխնոլոգիական զարգացումները լայն հնարավորություններ են ստեղծում նոր զինատեսակների արագ փորձարկման և կիրառման համար՝ արագացնելով «արտադրանք-փորձարկում-կիրառում» շղթան։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ռազմական ոլորտի փոփոխություններին։ Մեծ հավանականությամբ կընդլայնվի դրոնների դեմ պայքարում հենց դրոնների կիրառումը, ինչպես նաև նոր հեռանկարներ կստեղծվեն անօդաչու և օդաչու ավիացիայի ինտեգրման համար։
Ծառայության գնահատմամբ՝ արհեստական բանականությունը կշարունակի վերափոխել ռազմադաշտում մարդու դերը՝ չփոխարինելով նրան, սակայն զգալիորեն ազդելով հրամանատարների որոշումների կայացման գործընթացի վրա։