ԱՀԾ․ Բաքուն Վաշինգտոնյան հռչակագրից հետո էականորեն ակտիվացրել է «արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունը

ԱՀԾ․ Բաքուն Վաշինգտոնյան հռչակագրից հետո էականորեն ակտիվացրել է «արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունը

20 հունվարի 2026 – 13:56 AMT

PanARMENIAN.NetԱրտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է 2026 թվականի տարեկան զեկույցը, որտեղ ասվում է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ միջնորդությամբ ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրն ու «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը հանգեցրել են այն հանգամանքին, որ նվազել է ռազմական սրացման հավանականությունը և բարձրացել խաղաղ կարգավորման հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, ասվում է, որ ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։

«Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար»,-ասվում է զեկույցում:

Նշվում է նաև, որ 2026 թվականին ծառայության առաջնահերթ խնդիրներից է լինելու շարունակաբար գնահատելը, թե որն է Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» առաջ մղման պետական քաղաքականության իրական նպատակը։

«Գնահատման է ենթակա մասնավորապես այն, թե արդյո՞ք Ադրբեջանը, այդ թեմաները, նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով, մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե՞ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման և մասնավորապես՝ Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է։

Մյուս կողմից, Ծառայության դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը և շատ դեպքերում՝ իրականացվում առերևույթ այլ ոլորտների հաշվին»,-ասվում է զեկույցում։

Նշվում է, որ Ադրբեջանի բյուջեում ռազմական և այլ ոլորտների 2024-2026թթ․ հատկացումները համեմատվել են 2023 թվականի նույն հատկացումների հետ։ Արդյունքում 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները՝ ընդամենը 7.4%-ով։ 2026 թվականի դեպքում անգամ ոչ ռազմական ոլորտների հատկացումների որոշակի նվազում կա՝ 2025 թվականի հետ համեմատ, մինչդեռ ռազմական ոլորտի հատկացումները 2026 թվականի համար շարունակել են աճել։

Leave a Comment