«Երեկ քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ եմ, ֆիլոկարտիստ եմ, ֆիլումենիստ ու ֆալերիստ եմ: Այս կապակցությամբ առանձին արձանագրություն չի կազմվել»,-գրել է Ցեղասպանության թնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Հիշեցնենք՝ նա երեկ հայտնել էր, որ իր երևանյան բնակարանում, ինչպես նաև Գյումրիում, տեղի են ունեցել զուգահեռ խուզարկություններ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Աննա Խաչատրյանի միջնորդությամբ:
Դեմոյանն այսօր գրել է. «Ու մինչ դատավոր ՄԱՍԻՍ Մելքոնյանն ընդհուպ կմոտենա ԱՐԱՐԱՏ Միրզոյանին, խուզարկության ժամանակ պատկան մարմիններին ինքնակամ խոստովանեցի, որ 2021-2025 թվականների ընթացքում, վատնելով ընտանեկան բյուջեի սուղ միջոցները, ավելի քան 15 պետական գրադարանների ու թանգարանների ֆոնդերին հանձնել եմ շուրջ 900 թանգարանային արժեքներ՝ ծախսելով մոտ 1 մլն ՀՀ դրամ:
Ստորև ներկայացնում եմ այդ հաստատությունների ցանկը.
Հայաստանի ազգային արխիվ
Հայաստանի ազգային գրադարան
Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի պետական պատկերասրահ
Մատենադարան (15-րդ դարի մագաղաթյա ձեռագրի պատառիկ)
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
Գրականության և արվեստի թանգարան
Երևան քաղաքի պատմության թանգարան
Օրբելի եղբայրների տուն-թանգարան
Ավետիք Իսահակյանի տուն թանգարան, Գյումրի
Հովհաննես Շիրազի տուն թանգարան, Գյումրի
Գյումրի քաղաքի պատմության թանգարան
Իմ կյանքի այս դրվագի մասին , որն ամենօրյա հետաքրքրություն է ու հաճելի աշխատանքային շփում գործընկերների հետ, ես չեմ խոսում ու գրում: Երեկվա խուզարկության ժամանակ ցույց եմ տվել բոլոր այս նվիրատվությունների ստացականները, որոնց իսկությունը կհաստատի հենց ինքը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (հարակից զեկուցող՝ Արայիկ Հարությունյան): Ես ընդամենը կցանկանայի, որ հանրայնացված այս փաստով, իրենք վերջապես հասկանային, թե ով են իրենք և ինչ են իրենցից ներկայացնում և ով եմ ես:
Ես խիստ կասկածում եմ, որ Ժաննա Անդրեասյանն ու Արայիկ Հարությունյանը հարկատուների գումարները աստղաբաշխական պարգևավճարների անվան տակ թալանելով գեթ մեկ ցուցանմուշ նվիրած լինեն որևէ հայաստանյան թանգարանի՝ թեկուզ հենց այդ պարգևավճարներից:
Առաջարկում եմ քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին հատուկ ծիսակարգով պատիժ սահմանել իմ անձի դեմ՝ նման վարքի ու ընտանեկան միջոցների հաշվին պետական շահը սպասարկելու համար:
Իսկ Ժաննային ու Արայիկին առաջարկում եմ լուրջ մտածելուց հետո ինձ առաջադրեն «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին արժանանալու համար: Արայիկ, մրցանակի վրա պատկերված Մասիսը շուռ տված չպետք է լինի: Առաջադրման ու իմ անձի հանրահռչակման կարևոր գործի քավոր եմ նշանակում Պետրոս Ղազարյանին` ԿԳՄՍ նախարարի ամուսնուն, քանի որ նվիրատվությունների մեծ մասը գնացել է իր կնոջ գերատեսչության ենթակայության տակ գտնվող հաստատությունների ֆոնդեր: Գոնե այս կերպ արժանանամ Հանրայինի բաղձալի եթերին…
Լավ մնացեք»։