20 հունվարի 2026 – 12:50 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագիծը, որը նախատեսում է նոր իրավական կարգավորումներ այն 27-37 տարեկան քաղաքացիների համար, որոնք խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից։
Նախագծին կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ չի եղել որևէ մեկը, իսկ 5-ը ձեռնպահ են մնացել, հայտնում է Factor.am-ը:
«Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին կողմ քվեարկելու համար, տարակուսած եմ՝ ինչու «Պատիվ ունեմը» կողմ չքվեարկեց»,- նախագծի ընդունումից հետո վարման կարգով նշել է Սարգսյանը։
Պատգամավորի առաջարկած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ այս քաղաքացիներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե կամավոր վերադառնում են Հայաստան և ընտրում առաջարկվող հինգ տարբերակներից մեկը.
- ծառայել 24 ամիս ժամկետով,
- ծառայել 12 ամիս և վճարել պետական բյուջե 2.5 մլն դրամ,
- ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ,
- ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ,
- առանց ծառայության, միայն վճարել 15 մլն դրամ։