
Նիկողայոս Ադոնցը սերում էր Օրբելյան իշխանական տոհմից և Դավիթ Բեկի զինակից Տեր-Ավետիքի շառավիղներից էր։ Ինչպես պատմում է գիտնականի զարմուհին՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանը, Ադոնցը դեռ վաղ տարիքից կրթություն է ստացել նախ Տաթևի վանքում, ապա՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Ճեմարանը փայլուն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում, որտեղ պաշտպանել է իր նշանավոր մագիստրոսական թեզը՝ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» թեմայով։
Այս աշխատությունը նոր խոսք էր բյուզանդագիտության մեջ և մեծ հռչակ բերեց երիտասարդ գիտնականին։ Այն սկզբնապես գրվել է ռուսերեն, ապա թարգմանվել ֆրանսերեն։ Ադոնցը բարձր է գնահատել իր ուսուցչին՝ Նիկողայոս Մառին, ում հետ մասնակցել է Անիի պեղումներին։ Ճակատագրի բերումով գիտնականը 1920 թվականին հեռացել է Ռուսաստանից և բնակություն հաստատել Բրյուսելում։
Այնտեղ նա դասավանդում էր տեղի համալսարանում և իր կարողությունների չափով օգնում հայ ուսանողներին՝ նրանց անվճար սովորեցնելով հայոց լեզու և հայոց պատմություն։ Ադոնցի հիմնարար գործերից են նաև «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» և «Քննական պատմություն Հայոց» աշխատությունները։