Դեմոյան․ Խուզարկությամբ առգրավվել է լատունից պատրաստված հուշամեդալ

Դեմոյան․ Խուզարկությամբ առգրավվել է լատունից պատրաստված հուշամեդալ

20 հունվարի 2026 – 12:19 AMT

PanARMENIAN.Net – Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանը մանրամասներ է ներկայացրել հունվարի 19-ին իր բնակարանում կատարված խուզարկության վերաբերյալ՝ նշելով, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2021 թվականին, հայտնում է Factor.am-ը:

Նրա խոսքով՝ խուզարկության արդյունքում առգրավվել է լատունից (արույր) պատրաստված հուշամեդալ՝ թողարկված 2001 թվականին՝ Հայաստանում Քրիստոնեության 1700-ամյակի առիթով:

Ըստ Դեմոյանի՝ այդ հուշամեդալն ինքը գնել է նախորդ տարվա հոկտեմբերին «Վերնիսաժից»՝ 3000 դրամով։

«Առանց ինձ տեղյակ պահելու եկել էին, կինս և դուստրս տանն էին եղել, սկսել էին աշխատանքները՝ առանց ինձ սպասելու։ Մնացածը իմ ներկայությամբ եղավ»,- ասել է Դեմոյանը։

Նա նշել է, որ 2021-ին քրեական գործը հարուցվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հայտարարության հիման վրա, որ, իբր, թանգարանում հափշտակություններ են տեղի ունեցել։ Նա ընդգծել է, որ այս գործով երեք անգամ հարցաքննվել է, այդ թվում՝ երկու անգամ՝ իր նախաձեռնությամբ։

«Հենց առաջին հարցաքննության ժամանակ պարզ էր, որ Հարություն Մարությանը գիտակցաբար կեղծ տվյալներ է նախաքննությանը ներկայացրել, որը քրեորեն պատժելի արարք է։ Եվ ներկայացված ցանկի պատճենի վրա ես արել եմ գրառում, այսինքն՝ ցուցմունք եմ տվել գրավոր, որ Մարությանի կողմից ներկայացված ցանկը կեղծ է, քրեորեն պատժելի արարք է, և ստորագրել էի։ Գործը վարող քննիչը՝ Լուսինե Հայկյանը, մեկ շաբաթ հետո ինձ հայտնել էր, որ իմ այդ ցուցմունքը կորել է իր սենյակից։ Հասկանո՞ւմ եք, չէ։ Ասում եմ՝ ո՞նց է կորել։ Բա՝ կորել է, չենք գտնում։ Հասկանում եք՝ ինչո՞ւ, որովհետև Մարությանին պետք է առաջինը դատեին»,- պատմել է Դեմոյանը։

Նրա փոխանցմամբ՝ նախաքննության մարմինը միայն այն դեպքում է արձագանքել գրավոր, երբ ինքը սոցիալական ցանցում հրապարակային գրառում է կատարել՝ կատարվածը անվանելով «խայտառակություն»։ Ըստ Դեմոյանի՝ այս հանգամանքը վկայում է գործի ընթացքի ոչ հստակ և հարցեր հարուցող բնույթի մասին։

«Հիմա վերջապես որոշել են ինձանից սկսել՝ վախեցնելով, որ այդ մասին չխոսեմ, չբարձրաձայնեմ, քանի որ անունները շատ հնչեղ են՝ Արարատ Միրզոյան, Վլադիմիր Վարդանյան, Արայիկ Հարությունյան, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյան, Հարություն Մարության, Սուրեն Մանուկյան. և սա պաշտոնյաների ամբողջ ցանկը չէ»,- ընդգծել է Դեմոյանը։

Նա պնդել է, որ գործողություններn ուղիղ կապ ունեն Արայիկ Հարությունյանի նախօրեին արված գրառման հետ, որով պաշտոնյան հայտնել էր՝ պատրաստվում է դատական հայց ներկայացնել՝ Դեմոյանի «զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով»։ Դեմոյանը այդ գրառման մեջ մեղադրել էր Հարությունյանին, որ վերջինս «ներխուժել է Հայոց ցեղասպանության թանգարան, յուրացրել աշխատավարձ, հովանավորել գողություններ» և հեգնել էր՝ արդյոք նա չի ցանկանում ««Ոսկե չակուջ» վարչապետական փոխանցիկ մրցանակը հանձնել ընկեր Ֆիդանին՝ որպես առհավատչյա Ծիծեռնակաբերդում «փայլուն» կերպով կատարած աշխատանքի»։

Դեմոյանը հավելել է, որ անհրաժեշտ է վերաբացել 2007 թվականի քրեական գործը՝ պարզելու համար՝ ով է այդ ժամանակ հարցաքննվել և ինչ ցուցմունքներ են տրվել։

Հունվարի 19-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իրավապահները մուտք են գործել իր բնակարան և խուզարկություն են կատարում: Քննչական կոմիտեց, պատասխանելով պատճառների մասին հարցին, ասել էին, որ «քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»:

Leave a Comment