Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ մշակում է Արկտիկայի անվտանգության վերաբերյալ համաձայնագիր՝ նպատակ ունենալով համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ Եվրոպան ի վիճակի է պաշտպանել Գրենլանդիան առանց Վաշինգտոնի օգնության, գրում է I Paper-ը։
Թերթի աղբյուրների համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամների առաջարկները նախատեսում են Գրենլանդիայի անվտանգության ամրապնդում՝ այնտեղ ավելի մեծ թվով զինվորականների տեղակայման միջոցով։ Այդ քայլերը նպատակ ունեն թուլացնելու Թրամփի մտահոգությունները, թե եթե ԱՄՆ-ին վերահսկողություն չտրամադրվի տարածքի նկատմամբ, Գրենլանդիան կարող է հայտնվել Չինաստանի կամ Ռուսաստանի ազդեցության տակ։
Միաժամանակ, ինչպես գրում է պարբերականը, Սթարմերը և բրիտանական կառավարության բարձրաստիճան անդամները դիվանագիտական արշավ են իրականացնում ԱՄՆ-ի առանցքային գործիչների հետ՝ փորձելով ստիպել Թրամփին հրաժարվել ութ եվրոպական երկրների դեմ առևտրային պատերազմի սպառնալիքից, եթե նրան չփոխանցվի Գրենլանդիան։
Թերթը նշում է նաև, որ Գրենլանդիայի շուրջ Թրամփի սպառնալիքներն արդեն հանգեցրել են ՆԱՏՕ-ի ներսում պառակտման, և դաշինքի որոշ երկրներ դադարել են ԱՄՆ-ի հետ կիսվել հետախուզական տվյալներով։
I Paper-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ եվրոպական երկրների հետախուզական ծառայությունների աշխատակիցներն այլևս «բացահայտ չեն խոսում»՝ աճող մտավախությունների ֆոնին, թե տեղեկատվությունը կարող է հասնել Թրամփին և օգտագործվել Գրենլանդիան ուժով գրավելու փորձի համար։
Բրիտանական հետախուզության աղբյուրը Սպիտակ տան և նրա դաշնակիցների հարաբերությունների վատթարացումը բնութագրել է որպես «աննախադեպ»՝ նախազգուշացնելով, որ ԱՄՆ նախագահի գործողություններով պայմանավորված «առանձին քաղաքական ցնցումները» կազդեն հետախուզական համագործակցության վրա։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է հասնել Գրենլանդիայի միացմանը ԱՄՆ-ին՝ դա համարելով ազգային անվտանգության համար կարևոր։ Միևնույն ժամանակ, Գրենլանդիան վերահսկող Դանիայի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում զիջել կղզին։ Գրենլանդիայի իշխանություններն էլ իրենց հերթին վստահեցրել են, որ ԱՄՆ-ի մաս դառնալու տարբերակը իրենց չի հետաքրքրում։
