Հունվարի 27-ը կնշվի որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր». այն կլինի ոչ աշխատանքային

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/ԱՌԿԱ/․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
Նախագծով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, և այդ օրը սահմանել ոչ աշխատանքային։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ նախագիծը հիմնված է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին» 2000 թվականի օրենքի վրա, որը սահմանում է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերից մեկը հիշարժան օրերի և համապետական հիշատակի օրվա ընդունումն է։
Նրա խոսքով, հունվարի 27-ին կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, իսկ հունվարի 28-ին՝ որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ, կտոնենք բանակի օրը։
«Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար այս հունվարի 27֊ը կլինի ոչ աշխատանքային», – նշել է Ռուբինյանը։