Հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր – Նորություններ 20.01.2026

Հունվարի 20-ի նիստին Ազգային ժողովն ընդունեց առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկված մի շարք նախագծեր:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածում փոփոխություն առաջարկող նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է արգելել հուշարձանների օտարումը՝ առանց Կառավարության համաձայնության:

Ըստ նախագծի համահեղինակի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի՝ եթե հուշարձան հանդիսացող, Եկեղեցուն պատկանող շենք են օտարում, սեփականություն փոխում կամ նվիրաբերում, այս նախագծով այդ գործընթացում Կառավարության համաձայնությունը պարտադիր է: Կառավարությունը կարող է չտալ այդ համաձայնությունը և մերժել սեփականության նման փոփոխություն կատարելու առաջարկը, եթե կա տվյալ գույքը ոչ հանրօգուտ և ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, կամ ծանուցմանը կից փաստաթղթերը կեղծ են և խեղաթյուրված:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ «««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստան և ընտրելով առաջարկվող 5 տարբերակներից մեկը՝ 24 ամիս ծառայելուց մինչև 15 մլն դրամ պետբյուջե վճարում:

Երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որի հեղինակներ են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը: Նրանք առաջարկել են հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:

Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այլ՝ անմիջապես: Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր:

Նախագիծն ընդունվեց 69 կողմ, 15 դեմ ձայներով:

 

 

Leave a Comment