ՔՊ–ն առաջարկում է արգելել եկեղեցուն օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության

ՔՊ–ն առաջարկում է արգելել եկեղեցուն օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության

20 հունվարի 2026 – 11:01 AMT

PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է արգելել եկեղեցուն օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության: Պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ են հեղինակել, հայտնում է Sputnik Արմենիան:

ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ Թագուհի Ղազարյանն ընդգծել է, որ «հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած 3–րդ անձի` հատուցմամբ կամ անհայտույց օտարել բացառապես ՀՀ կառավարության համաձայնությամբ»։

Նախագծով սահմանվում է, որ գործադիր մարմինը կարող է ինչպես հաստատել փոխանցումը, այնպես էլ մերժել, եթե գնահատում է, որ հուշարձանն օգտագործվելու է ոչ նպատակային կամ հանրությանը վնաս հասցնող եղանակով։

Ղազարյանը շեշտել է, որ նախաձեռնությունը հիմնականում վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն, քանի որ պատմամշակութային հուշարձանների ամենամեծ թվով սեփականատերը հենց նա է։

ՔՊ պատգամավորի ներկայացրած տվյալներով՝ եկեղեցու տնօրինության ներքո այժմ գտնվում է ավելի քան 360 հուշարձան, որոնց մեջ կան նաև այնպիսի եկեղեցիներ, որոնք հուշարձանի կարգավիճակ չունեն։ Նրա խոսքով, 2010 թվականից հետո կառուցված եկեղեցիներն էլ հիմնականում դուրս են մնացել հուշարձանների ցանկից, սակայն կառավարությունը կարող է վերանայել ցուցակն ու որոշ կառույցների հուշարձանի կարգավիճակ շնորհել։

Ղազարյանը անդրադարձել է այն հարցին, թե արդյոք արդեն իսկ եղել են գույքի օտարման դեպքեր, որոնք հիմք են ծառայել այս օրենսդրական փոփոխությանը։

«Հայտնի չեն նման նախադեպեր, սակայն չհերքված տեղեկություններ կան, և այդ մասին ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդը (խոսքը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասին է, որին կաթողիկոսը պաշտոնանկ է արել, սակայն Արմավիրի մարզի դատարանի որոշմամբ նա պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը), որ եկեղեցին` կրոնական այդ կազմակերպությունը, փաստացի իր ղեկավարի ընտանիքի անդամներին օտարել է գույքեր, բնակարաններ»,– հայտարարել է պատգամավորը։

Նա հիշեցրել է նաև Սուրբ գեղարդի շուրջ տեղի ունեցած աղմկահարույց դեպքը՝ ընդգծելով, որ Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքերն էլ հիմք են հանդիսացել այս նախագծի մշակման համար։

Խոսքը վերաբերում է 2004 թվականին տեղի ունեցած միջադեպին, երբ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ Երկրորդի 75-ամյակի առթիվ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբ գեղարդի բռնակից մի փոքր հատված՝ քերվածք, նվիրել է պատրիարքին։ Դեպքի առնչությամբ օրեր առաջ քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանին։

ՔՊ-ին հատկապես անհանգստացրել է տեր Ասողիկի այն հայտարարությունը, որ «Սուրբ գեղարդի մասունքն ընծայելը բացառապես եկեղեցու իրավունքն է, և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի. եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց և եկեղեցին գիտի` ինչ է նվիրում»։

«Սա նշանակում է, որ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքին նույնպես կարող է նման վերաբերմունք լինել։ Օրինակ` կարող են եկեղեցիների, պատմամշակութային հուշարձանների դեպքում ևս մեկ այլ հոգևոր առաջնորդի ծննդյան օրվա առթիվ մի փոքրիկ ավանդատուն նվիրել, որը նույնպես հուշարձան է»,– ասել է Ղազարյանը։

2026 թվականի հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները հայտարարել են Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» մեկնարկի մասին՝ ներկայացնելով իրենց «ճանապարհային քարտեզը»։ Վերջինիս համաձայն՝ ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պատասխանատու է լինելու եկեղեցու բարեփոխումների կազմակերպման հարցերով։

Leave a Comment