Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է՝ նա կլինի տնային կալանքի տակ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է՝ նա կլինի տնային կալանքի տակ

19 հունվարի 2026 – 16:22 AMT

PanARMENIAN.Net – Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է՝ կիրառվել է տնային կալանք և գրավ։

Որոշումը կայացրել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, հայտնում է Aysor.am-ը:

Տնային կալանքի պայմաններում Համբարձումյանին արգելված են տեսակցություններն ու այցերը` բացառությամբ ընտանիքի անդամների և պաշտպանների։

Վերաքննիչ քրեական դատարանի նիստում Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանը ներկայացրել էր համապատասխան միջնորդություն։

Ըստ պաշտպանի՝ դեռևս 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանում գործող առաջին ատյանի դատարանը չեղարկել է ավելի քան 7 տարի գործող գրավի խափանման միջոցը և կիրառել անժամկետ կալանք՝ այն հիմնավորելով նրանով, որ Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման և կարող է թաքնվել պատժի կատարումից, հայտնում է Panorama.am-ը:

Պապոյանի պնդմամբ, դատարանի որոշումն ապօրինի է, քանի որ կայացրած կալանքը հակասում է մի շարք առանցքային իրավական սկզբունքների։

«Մինչդեռ, հարգարժան դատարան, այս դեպքում առկա են մի շարք առանցքային հանգամանքներ, որոնք Դավիթ Համբարձումյանի կալանքը դարձնում են ոչ իրավաչափ, և հետևաբար գտնում եմ, որ Վերաքննիչ քրեական դատարանը պետք է ազատ արձակի Դավիթ Համբարձումյանին»,– նշել է նա։

Փաստաբանը հավելել էր նաև, որ Համբարձումյանն անձամբ չի մասնակցել կալանքի հարցի քննարկմանը, սակայն իմանալով այդ մասին՝ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 28-ին վերադառնալու է Հայաստան։

«Այլ կերպ ասաց, ստացվում է՝ Դավիթ Համբարձումյանը, գիտակցելով Հայաստանի Հանրապետություն գալուն պես անազատության մեջ հայտնվելու հանգամանքը, Ռուսաստանի Դաշնությունում ունենալով ռեալ հնարավորություն Հայաստան չվերադառնալու, վերադարձել է՝ գիտակցումով, որ ուղևորվելու է քրեակատարողական հիմնարկ, գիտակցումով, որ պատիժ է սպասվում։ Նշված հանգամանքը ավելի քան բնորոշում է այն, որ Դավիթ Համբարձումյանը պատժից ու կալանքից վախեցող, թաքնվող տեսակ չէ»,– ընդգծել է Պապոյանը։

Նա կոչ էր արել դատարանին դրսևորել արդարադատություն և վերացնել կիրառված կալանքը։

Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին անկարգությունների փաստով: Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:

Նա հոկտեմբերի 28–ին կալանավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ հոկտեմբերի 31-ին հայտարարեց, որ դադարեցնում է ավագանու անդամի իր լիազորությունները։

Leave a Comment