Երկուշաբթի ԱՄՆ նախագահը նամակ է հղել Նորվեգիայի վարչապետին՝ գրելով, որ այլևս չի զգում «պարտավորություն մտածել բացառապես խաղաղության մասին» այն բանից հետո, երբ Նորվեգիան «որոշեց չշնորհել» նրան Նոբելյան խաղաղության մրցանակը: Միևնույն ժամանակ, եվրոպացի առաջնորդներն անթույլատրելի են անվանում Թրամփի սպառնալիքը՝ նոր մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք պաշտպանում են Գրենլանդիային:
«ՆԱՏՕ-ն 20 տարի շարունակ Դանիային ասում է. «Դուք պետք է վերացնեք Գրենլանդիայում ռուսական սպառնալիքը»։ Դժբախտաբար, Դանիան ոչինչ չի կարողացել անել դրա հետ կապված։ Հիմա ժամանակն է, և դա կարվի», – գրել է Թրամփը երկուշաբթի վաղ առավոտյան իր «Ճշմարտություն» սոցիալական ցանցի էջում։
Նա կասկածի տակ է դրել Դանիայի իրավունքը Գրենլանդիայի նկատմամբ։
Յոնաս Գահր Ստյորեն հաստատել է, որ ստացել է նամակը՝ նշելով, որ այն պատասխան էր ԱՄՆ նախագահին՝ իր և Ֆինլանդիայի նախագահի անունից ուղարկված կարճ հաղորդագրությանը։
Թրամփը պնդում է, որ Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի ԱՄՆ անվտանգության համար, և Վաշինգտոնը կստանա այդ տարածքը։ Կղզու գտնվելու վայրը Հյուսիսային Ամերիկայի և Արկտիկայի միջև իդեալական է հրթիռային հարձակումների դեպքում վաղ նախազգուշացման համակարգերի տեղակայման և տարածաշրջանում նավագնացության մոնիթորինգի համար։
Միևնույն ժամանակ, եվրոպացի առաջնորդները նշում են, որ ԱՄՆ-ն անցել է սահմանը՝ մաքսատուրքերը բարձրացնելու իր սպառնալիքներով: Մեծ Բրիտանիան արտահայտել է իր դեմ լինելը Թրամփի ծրագրերին, իսկ ԵՄ-ն սպառնում է դրանց պատասխանել տնտեսական միջոցառումներով: