Թաց-լիզինգի պայմանագրով օդանավեր օգտագործած ավիաընկերությունները կարող են օգտվել պետտուրքի վճարումից ազատվելու արտոնությունից. նախագիծ


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:


Նշվել է, որ 2019 թվականից նոր ուղղություններով չվերթ իրականացնելիս ավիաընկերութուններն ազատվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված օդի տուրքից: Այդ կանոնի կիրառման արդյունքում ընդարձակվել է չվերթեր իրականացնող ուղղությունների աշխարհագրությունը:


Սակայն օրենքի կիրարկման ընթացքում առաջացել են որոշ խոչընդոտներ, որոնց պատճառով տեղական ավիաընկերությունները չեն կարողացել սեփական կոդով չվերթեր իրականացնել նոր ուղղություններով և օգտվել վերոնշյալ արտոնությունից՝ օդի տուրքի ազատումից:


Վերոնշյալը նկատի ունենալով՝ Կառավարությունն առաջարկում է լրացում և փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, որոնց համաձայն՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ այն ավիաընկերությունները, որոնք սեփական կոդով չվերթներ չեն կարողացել իրականացնել և օգտագործել են թաց-լիզինգի պայմանագրով օդանավեր, կարող են ներկայացված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, այդ պահին նոր համարված ուղղությունների համար նորից հայտ ներկայացնել և օգտվել նախատեսված արտոնությունից:


Փոխնախարարը ներկայացրել է նաև մյուս փոփոխությունը՝ նշելով, որ  այժմ  օդի տուրքից ազատման արտոնությունը տրամադրվում է 36 ամիս ժամկետով՝ 24 ամիս  երկարաձգելու հնարավորությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն հինգ տարի չվերթեր իրականացնող շատ ուղղություններով կա դրական արդյունք, Կառավարությունն առաջարկում է պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումն իրականացնել մինչև երկու անգամ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով:


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը  ներկայացրել է Սերգեյ Բագրատյանը:


Հարցը քննարկվել է հունվարի 19-ին:

Leave a Comment