ՀՀ-ն քննարկում է ՌԴ-ից հեղուկ գազը Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղով Հայաստան բերելու հարցը

ՀՀ-ն քննարկում է ՌԴ-ից հեղուկ գազը Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղով Հայաստան բերելու հարցը, Armenia Today-ին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Նա նշել է, որ Հայաստանում կա հեղուկ գազի ներմուծման խնդիր, ինչի հետևանքով դեֆիցիտ է առաջացել։ Շաբոյանի խոսքով՝ այդ մասին բարձրաձայնում են նաև վարորդները։

Խոսնակն ընդգծել է առաջացած խնդրի պատճառների մասին՝ հիշեցնելով, որ Հայաստանը երկու հիմնական երկրից է ներմուծում՝ Իրանից և Ռուսաստանից։

Առաջին պատճառը, Շաբոյանի փոխանցմամբ, պայմանավորված է Իրանում տեղի ունեցող զարգացումներով, ինչը դեպի ՀՀ հեղուկ գազի ներմուծման խնդիր է առաջացրել։ Նա հավելել է, որ Ռուսաստանի ուղղության խնդիրները կապված են Վերին Լարսի հետ։

Խնդիրը լուծելու համար քննարկում է Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղով Ռուսաստանից հեղուկ գազը Հայաստան բերելու տարբերակը։

Երևանում հունվարի 15-ին հեղուկ գազը ռեկորդային բարձր գին էր գրանցել: Հարցին կառավարության նիստին էլ էր անդրադարձ եղել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հեղուկ գազի թանկացումը տարածաշրջանային հարց է ու այս դեկտեմբերին նման բան չի լինի:

Leave a Comment