Թրամփը Պուտինին հրավիրել է Գազայի «խաղաղության խորհրդի» կազմ՝ ցանկանալով պահպանել ջերմ հարաբերությունները. FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է Գազայի հատվածի «խաղաղության խորհրդի» կազմ՝ ցանկանալով պահպանել երկխոսությունն ու ջերմ հարաբերությունները նրա հետ: Այս մասին գրում է Financial Times-ը։

Ավելի վաղ՝ հունվարի 18-ին, Կրեմլը հայտնել էր, որ Պուտինը դիվանագիտական ուղիներով հրավեր է ստացել մտնել ԱՄՆ-ի կողմից ստեղծվող Գազայի խաղաղության խորհուրդ: Այժմ Մոսկվան ուսումնասիրում է առաջարկը և ակնկալում է շփումներ Վաշինգտոնի հետ։

Պուտինը, իր հերթին, ըստ պարբերականի ձգտում է պահպանել կապերն իր ամերիկացի գործընկերոջ հետ՝ չնայած Վաշինգտոնի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը և այս ամիս Իրանի կառավարության դեմ բողոքողներին աջակցելուն: Վենեսուելան և Իրանը Ռուսաստանի դաշնակիցներն են։

Կրեմլը նվազագույնի է հասցրել ԱՄՆ-ի հասցեին իր քննադատությունը և հունվարի 19-ին կրկին գովել է Թրամփին:

«Կան միջազգային փորձագետներ, որոնք կարծում են, որ լուծելով Գրենլանդիայի անդամակցության հարցը՝ Թրամփը կմտնի պատմության մեջ՝ ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային պատմության մեջ», – ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, – «Առանց քննարկելու՝ դա լավ է, թե վատ, դժվար է չհամաձայնել այս փորձագետների հետ»:

«Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին Թրամփը հայտարարել էր անցյալ շաբաթ՝ հունվարի 16-ին: Դա Գազայի համար ամերիկյան առաջնորդի խաղաղության ծրագրի մի մասն է՝ միջազգային ուժերի տեղակայման հետ մեկտեղ: Վաշինգտոնն արդեն հրավերներ է ուղարկել տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների։

Կազմակերպության նպատակն է կայունության խթանումը, խաղաղության ապահովումը և «հուսալի ու օրինական» կառավարման վերականգնումը այն տարածաշրջաններում, որտեղ տեղի են ունեցել հակամարտություններ, կամ առկա է դրանց առաջացման վտանգ: Սակայն FT-ն գրել է, որ «խաղաղության խորհուրդը» Թրամփին թույլ կտա մրցակցել ՄԱԿ-ի հետ և միջնորդ հանդես գալ այլ գլոբալ հակամարտություններում, այդ թվում՝ Ուկրաինայի և Վենեսուելայի մասին:

Leave a Comment