19 հունվարի 2026 – 17:24 AMT
PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է «Ախուրիկ» սահմանային անցակետից ռուս սահմանապահների հնարավոր հեռացման և հսկողությունը հայկական կողմին փոխանցելու վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ նշելով, որ այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն այդ առումով չկա, հայտնում է 1lurer.am-ը:
«Անհրաժեշտության պարագայում միանշանակ կլինի: Բայց դուք նաև գիտեք, որ մենք ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով փորձում ենք այնպես անել, որ ինքներս կատարենք մեր սահմանային հսկողությունը և աստիճանաբար գնում ենք նրան, որ մեր ամբողջ սահմանային հսկողությունը մենք իրականացնենք՝ բնականաբար շնորհակալ լինելով այդ թվում Ռուսաստանի համապատասխան ծառայություններին, որոնք կատարել են այդ ծառայությունը։ Ամեն ինչ սկսվեց «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկողությունից։
Գիտեք, որ Իրանի հետ սահմանին մեծ գործընթաց տեղի ունեցավ, հիմա էլ աշխատանքները բնականաբար շարունակվում են, և մենք գնալով մեծացնում ու զարգացնում ենք մեր կարողությունները»,- նշել է նա։
Հայ-թուրքական սահմանի վերաբերյալ՝ ռուս սահմանապահների դուրս գալու հավանականությանը անդրադառնալով՝ Ալեքսանյանն ընդգծել է, որ ինքը նման գործընթացի առկայության վերաբերյալ տվյալներ չունի։
«Չեմ կարող ասել՝ կոնկրետ այդ հատվածում նման գործընթաց կա, թե ոչ, բայց դրա մասին անպայման համապատասխան հաղորդագրություն կլինի։
Մեր, ցանկացած պետության տեսլականը, բնականաբար, այն է, որ իր սահմանի հսկողությունը, մաքսակետերի հսկողությունն ինքն անձամբ իրականացնի, և մենք էլ այդ առումով բացառություն չենք ու մենք էլ ունենք նման նկրտումներ։ Հիմա ես չեմ կարող ասել, թե գործընթացն ուր է հասել, ձեռքիս տակ այս պահի դրությամբ նշած անցակետի հետ կապված տվյալներ չկան»,-ասել է նա:
Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Ալեքսանյանը հայտնել է, որ սահմանային նոր մոդելի՝ «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» համակարգի ներդրման շրջանակում հնարավոր է, որ սահմանային հսկողությունն իրականացվի լիովին ավտոմատացված եղանակով, հայտնում է Aurotanews.am-ը:
«Լինելու են «ֆրոնտ օֆիս» և «բեք օֆիս». որպես այդպիսին՝ այդ «ֆրոնտ օֆիսում» կարող է ընդհանրապես մարդ նստած չլինի՝ լինի սկաներ։
Ամերիկայում սրա մասին խոսում էինք, վերջերս գործուղման էինք ՆԱՏՕ ԽՎ մեր պատվիրակությամբ: Այնտեղ՝ օդանավակայաններից մեկում, ուղղակի մոտեցնում ես քո անձը հաստատող փաստաթուղթը, ինքը սկանավորում է դա, հետո սկանավորում է քո դեմքը, ու այդ գործառույթը, որ պետք է մարդն իրականացնի, այդ մի սարքն իրականացնում է։
Մյուսը՝ բեռների սկանավորումը, ամբողջ աշխարհում շատ ընդունված բան է, որ բեռները սկանավորում են սարքերի միջոցով։ Կարող է և այդպիսի տարբերակ լինի. առանց ազգության ռոբոտներ ու մեքենաներ լինեն այդ տարածքում: Դա կրիտիկական խնդիր չէ, ընդհակառակը՝ դա առաջընթաց է, որին պետք է գնալ և ոչ թե որից պետք է խուսափել»,- նշել է նա։
Ալեքսանյանը պարզաբանել է, որ նման ավտոմատացված համակարգերը՝ կենսաչափական տվյալների և փաստաթղթերի սկանավորմամբ, վաղուց են կիրառվում միջազգային սահմանային անցակետերում, ու Հայաստանը ևս պետք է ձգտի նման տեխնոլոգիական լուծումների ներդրմանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։