ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ քննարկմանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Նա նշեց, որ առաջարկել էր բանակից խուսափածներին տալ դատապարտվելուն այլընտրանք. քանի որ պետությունը նրանց դատելով ոչ միայն ոչինչ չէր շահում, այլ ֆինանսապես տուժում էր, առաջարկել էր սահմանել՝ նրանք, ովքեր կգան ու կծառայեն 2 տարի ժամկետով, չդատապարտվեն։
«Առաջին դեմ կարծիքը պաշտպանության նախարարությունն արտահայտեց, թե ինչպես կարող է 27 տարին լրացած տղան ծառայել բանակում։ Իմ պատասխանը պարզ էր՝ այնպես, ինչպես այլ երկրներում։
Ինձնից երեք տարի պահանջվեց, որպեսզի կարողանամ հիմնավորել այս պարզ միտքը՝ ավելի լավ է տանք ծառայելու կամ գումար վճարելու հնարավորություն, քան ազատազարկենք բոլոր խուսափածներին։ Օրենքի ընդունման վերջին պահին պաշտպանության նախարարությունից ասացին՝ եթե չընդունեմ իրենց առաջարկը, որ օրենքը տարածվի միայն օրենքի ընդունման պահին 27 տարին լրացածների վրա, ապա իրենք դեմ կլինեն նախագծին ու այն չի ընդունվի»,- հիշեցրեց իշխող ուժի ներկայացուցիչը։
Նա ընդգծեց, որ ՊՆ չընդունեց ակնհայտ դրական արդյունքի բերող առաջարկությունը։
«Այն ժամանակ համաձայնեցի իրենց առաջարկին, որ գոնե նախագիծն այդպես ընդունվի։ Համաձայնեցի պայմանով՝ եթե առաջիկա երկու տարիներին չկարողանանք բանակից խուսափածներին բերել ծառայության և 2 տարի հետո ունենանք 1000-ից ավելի 27 տարին լրացած խուսափածներ, նորից օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես կգամ։
2024 թվականի հունվարից անցել է ուղիղ երկու տարի, այժմ ունենք 1300-ից ավելի տղաներ, ովքեր չունեն որևէ այլընտրանք, քան Հայաստան վերադառնալու դեպքում դատապարտվել։
Այսօր ներկայացված փոփոխությամբ այս հարցը կլուծվի մեկընդմիշտ։ Բոլորը, ում 27 տարին լրացել է կամ կլրանա, կկարողանան օգտվել իմ առաջարկած 5 տարբերակներից որևէ մեկիից և ազատվել քրեական պատասխանատությունից, քանի որ ծառայության սահմանային տարիքն այլևս 37 տարին է նրանց համար»,- ասաց Հայկ Սարգսյանը։