Պուտինի հատուկ բանագնացը Դավոսում կհանդիպի Ուիթկոֆի և Քուշների հետ

Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը երեքշաբթի Շվեյցարիայի Դավոսում կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ, գրել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X սոցիալական ցանցում՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դմիտրիևն ամերիկացիների հետ կքննարկի Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Դմիտրիևը կմեկնի Դավոս՝ ամերիկյան պատվիրակության հետ հանդիպելու համար: Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցչի այցը դեռևս պաշտոնապես հաստատված չէ։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, որը գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը, երեկ հայտարարել էր, որ ամերիկացիների հետ բանակցությունները կշարունակվեն Դավոսում։

Համաշխարհային տնտեսական ֆորումը Դավոսում տեղի է ունենում հունվարի 19-ից 23-ը: Ռուս պաշտոնյաներն ու բիզնեսի ներկայացուցիչները պաշտոնապես չեն հրավիրվում միջոցառմանը 2022 թվականից ի վեր:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment