19 հունվարի 2026 – 16:47 AMT
PanARMENIAN.Net – 2025 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների քանակը նվազել է։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մամուլի ասուլիսում։
«2025 թվականին հանրապետության անշարժ գույքի շուկայում գրանցվել է 244 հազար գործարք։ 2024-ին այդ ցուցանիշը եղել է 247 հազար 900։ Այսինքն՝ տեսնում ենք, որ 3900-ով նվազում է եղել։ Նշեմ, որ այս նվազումը տեղի է ունեցել առաջնային շուկայի հաշվին։ Մնացած ուղղությունները քիչ թե շատ պահպանել են իրենց ընթացիկ իրավիճակը»,-ասել է Թովմասյանը, հայտնում է Արմենպրեսը:
Ըստ կոմիտեի ղեկավարի՝ նվազման հիմնական պատճառը կապված է եկամտահարկի վերադարձի ինստիտուտում իրականացված փոփոխության հետ, որի կիրառումը մասնավորապես, Երևանում դադարեցվել է:
Ինչ վերաբերում է մարզերում արձանագրված ակտիվությանը, գների դինամիկային, ինչպես նաև այն հարցին, թե շուկայում որ տեսակի գործարքներն են գերակշռել, ըստ Թովմասյանի՝ այդ տվյալները կհրապարակվեն հունվարի վերջում, երբ տարվա ամփոփ ցուցանիշները պատրաստ կլինեն։