Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է հոգեբուժական կազմակերպություններում արտագնա դատական նիստեր անցկացնելու հնարավորություն և քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու սեղմ ժամկետների սահմանում։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշտապես արձանագրել է, որ բժշկական հաստատությունում տեղավորվող անձին դատական քննությանը մասնակից դարձնելը, ինչպես նաև նրան իրավաբանական օգնություն տրամադրելը, հիմնարար երաշխիքներ են կամայականության դեմ։
ՀՀ վճռաբեկ դատարանը 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԳԴ1/0058/01/16 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի՝ հոգեկան հիվանդությամբ տառապող անձինք որպես կանոն պետք է մասնակից դարձվեն իրենց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին, բացառությամբ այն դեպքերի, երբ անձի հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրան դատարան ներկայացնել։
Առաջին խնդիրը՝ արտագնա նիստերի անցկացման սահմանափակ հնարավորությունները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում արձանագրվել է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք հաճախ չեն մասնակցում դատական նիստերին։ Արձանագրվել է նաև դեպք, երբ դատական նիստի ընթացքում դատարանը քննարկել է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ բժշկական հսկողության ժամկետը երկարաձգելու հարցը, սակայն նիստին վերջինիս մասնակցությունը չի ապահովվել։
Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արտագնա դատական նիստ կարող է անցկացվել միայն երկու դեպքում՝
- բոլոր մեղադրյալները զինծառայող են,
- բոլոր մեղադրյալներն ազատությունից զրկելու հետ կապված պատիժ են կրում։
Փաստացի, Օրենսգրքով նախատեսվել է արտագնա նիստ անցկացնելու դեպքերի սպառիչ ցանկ, որում բացակայում է այդ դեպքը, երբ անձի հոգեկան առողջության վիճակով պայմանավորված անհնար է նրա՝ դատական նիստին մասնակցության ապահովումը։
Երկրորդ խնդիրը՝ քրեական վարույթը փոխակերպելու ժամկետների բացակայությունը
Օրենսգրքով սահմանվել է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու կարգ, սակայն դրանով չի նախատեսվել այն ժամկետը, որի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը պետք է փոխակերպման մասին համապատասխան որոշում կայացնի՝ բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքերի ի հայտ գալու դեպքում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում նշված է, որ փորձաքննվողը, հոգեկան առողջության խնդրով պայմանավորված անվտանգության նկատառումներից ելնելով, գործնականում փորձաքննության ավարտից հետո 7-8 օր հավելյալ պահվում է հոգեբուժական կազմակերպությունում՝ մինչև վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթը բժշկական բնույթի հարկադրանքի վարույթի փոխակերպելու և հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ անվտանգության միջոց կիրառելու հարցը քննարկելը և որոշում կայացնելը։
Առաջարկվող լուծումները
Առաջին լուծումը՝ Օրենսգրքի 265-րդ հոդվածում կատարվելու են հետևյալ փոփոխությունները՝
1-ին մասը լրացվում է նոր՝ 3-րդ կետով՝ «անձի հոգեկան առողջության վիճակով պայմանավորված անհնար է նրա՝ դատական նիստին մասնակցության ապահովումը»։
2-րդ մասը շարադրվելու է նոր խմբագրությամբ՝ սահմանելով, որ 3-րդ կետով նախատեսված դեպքում արտագնա նիստը կարող է անցկացվել հոգեբուժական կազմակերպությունում։
Երկրորդ լուծումը՝ Օրենսգրքի 422-րդ հոդվածում կատարվում են հետևյալ փոփոխություններ՝
1-ին մասում սահմանվելու է, որ քննիչն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան այդ հիմքերն ի հայտ գալուց հետո 24 ժամվա ընթացքում, կայացնում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում։
2-րդ մասում սահմանվելու է, որ դատարանը միջոցներ է ձեռնարկում հնարավորինս սեղմ ժամկետում կողմերի կարծիքը լսելու համար։
Ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի հոգեբուժական կազմակերպություններում իրականացնել արտագնա դատական նիստեր՝ այդկերպ ապահովելով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պատշաճ մասնակցությունը իրենց վերաբերյալ իրականացվող վարույթներին այն դեպքերում, երբ հոգեկան առողջության վիճակով պայմանավորված անհնար է նրանց՝ դատական նիստին մասնակցության ապահովումը։
Բացի այդ, կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝ քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելը և անվտանգության միջոցի կիրառման հարցը քննարկելը դատավարական սեղմ ժամկետներում իրականացնելու համար։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից։
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը,- տեղեկացնում է Iravaban.net-ը։