Իրանում համազգային բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 3766-ի, հաղորդում է Daily Sabah-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությանը (HRANA):
Մարդու իրավունքների պաշտպանների տվյալներով՝ զոհերի թարմացված թիվը գերազանցում է 3308-ի նախկին գնահատականը և ամենաբարձրն է վերջին տասնամյակների ընթացքում Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ալիքի ընթացքում։ HRANA-ն նաև պնդում է, որ իշխանությունները ձերբակալել են առնվազն 24 348 մարդու՝ բողոքի ցույցերը ճնշելու շրջանակներում։
Գործակալությունը հենվում է երկրի ներսում գտնվող աղբյուրների ցանցի վրա, սակայն այս տեղեկատվության անկախ ստուգումը դժվար է։
Իրանում ցույցերն սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների արտադրանքի նկատմամբ 25% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին։ Նա նաև հավանական էր համարել հետագա ռազմական քայլերը՝ ի պատասխան Թեհրանի գործողությունների։
Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հունվարի 17-ին արձագանքել էր, որ երկրում վերջերս տեղի ունեցած անկարգությունները ծրագրված էին դրսից, և Իրանի ինքնիշխանությունը խարխլելու, «կլանելու» ամերիկյան նախագծի մաս են կազմում:
