ԵՄ-ն պատասխան մաքսատուրքեր է պատրաստում ԱՄՆ-ի դեմ՝ Գրենլանդիայի պատճառով

Եվրամիությունը նախատեսում է հակամաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ կամ սահմանափակումներ սահմանել ամերիկյան ընկերությունների գործունեության վրա իր տարածքում, եթե նախագահ Դոնալդ Թրամփը 10% մաքսատուրքեր սահմանի եվրոպական ութ երկրների նկատմամբ՝ Գրենլանդիայի նկատմամբ նրանց դիրքորոշման պատճառով։ Այս մասին  հայտնել են Der Spiegel-ը և Reuters-ը՝ հղում անելով Բրյուսելի աղբյուրներին ու անանուն դիվանագետի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ առաջիկա օրերին Բրյուսելում կկայանա ԵՄ անդամ պետությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողով՝ Միացյալ Նահանգների սպառնալիքներին ԵՄ-ի ընդհանուր արձագանք մշակելու համար: Reuters-ի փոխանցմամբ՝ այս գագաթնաժողովը նախատեսված է հունվարի 22-ին։

Հունվարի 18-ի երեկոյան ԵՄ դեսպաններն արտակարգ հանդիպում են անցկացրել՝ քննարկելու, ի թիվս այլ հարցերի, Միացյալ Նահանգների դեմ հնարավոր հակազդեցությունները։ Երկրները դեռևս չեն համաձայնեցրել կոնկրետ մանրամասները։

Reuters-ի տվյալներով՝ սցենարներից մեկը վիսկիի, ինքնաթիռների մասերի, սոյայի, թռչնամսի և ամերիկյան այլ ապրանքների համար 93 միլիարդ եվրո արժողությամբ հակադարձ մաքսատուրքերի սահմանումն է։ Գործակալությունը գրում է, որ դրանք  կարող են ուժի մեջ մտնել ավտոմատ կերպով։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև տրանսատլանտյան առևտրային համաձայնագիրը չի հաստատվի ԵՄ օրենսդիրների կողմից՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի նկատմամբ 10 տոկոս մաքսատուրքեր սահմանելու Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո։ Համաձայնագիրը նախատեսում էր ԵՄ ներմուծման վրա ԱՄՆ 15 տոկոս մաքսատուրքերի սահմանում, որի դիմաց ԵՄ-ն կհրաժարվեր ամերիկյան արտահանման վրա մաքսատուրքերից, հաղորդում է Politico-ն։

Սպիտակ տան տվյալներով՝ այս ութ եվրոպական երկրները կվճարեն սակագները՝ մինչև Գրենլանդիան Միացյալ Նահանգներին հանձնելու համաձայնագրի կնքումը։ ԱՄՆ նախագահը բազմիցս արտահայտել է կղզու վրա վերահսկողություն հաստատելու իր ցանկությունը՝ առաջին անգամ այդ գաղափարն արտահայտելով 2019 թվականին՝ իր առաջին ժամկետի ընթացքում։

Հունվարի 15-ին Թրամփի մաքսատուրքերի թիրախում գտնվող երկրները հայտարարեցին, որ զորքեր կուղարկեն Գրենլանդիա՝ որպես հետախուզական առաքելության մաս՝ տարածաշրջանում անվտանգությունն ամրապնդելու և Դանիային օգնելու 2026 թվականի վերջին կայանալիք խոշոր զորավարժությունների նախապատրաստման գործում։

Գերմանական Բունդեսվերի 15 զինվորներից բաղկացած խումբն արդեն լքել է Գրենլանդիան հունվարի 18-ին՝ այն բանից մեկ օր անց, երբ Թրամփը սպառնացել էր մաքսատուրքեր սահմանել Գերմանիայի նկատմամբ՝ տարածքային վեճում Դանիային աջակցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment