Իսպանիայում գնացքների բախման հետևանքով 39 մարդ է զոհվել

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով 39 մարդ է զոհվել

19 հունվարի 2026 – 14:42 AMT

PanARMENIAN.Net – Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման և ռելսերից դուրս գալու հետևանքով 39 մարդ է զոհվել:

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ հունվարի 18-ի երեկոյան Կորդովայի նահանգում տեղի է ունեցել ողբերգական վթար: Բախման հետևանքով տուժել է մոտ 100 ուղևոր, որոնց մի մասը՝ ծանր։

Iryo ընկերության գնացքը, որը շարժվել էր Մալագայից Մադրիդ ուղղությամբ, դուրս է եկել ռելսերից և հայտնվել հարևան գծին, որտեղ էլ բախվել է հանդիպակաց գնացքին, որը մեկնում էր Ուելվա։ Պատահարի պատճառները դեռևս պարզված չեն։ Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու գնացքներում ընդհանուր առմամբ գտնվել է 400 ուղևոր, գրում է Deutsche Welle-ն:

Իսպանիայի իշխանություններն անմիջականորեն հետևում են Կորդովայում ստեղծված իրավիճակին։ Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ուշադիր հետևում է դեպքի զարգացումներին։ Իսպանիայի թագավորական ընտանիքը նույնպես հայտնել է իր ցավակցությունները։

Reuters գործակալության հաղորդմամբ՝ վթարի վայրում շարունակում են աշխատել փրկարարները՝ փորձում գտնել ողջ մնացած ուղևորներին։ Տեղական հեռուստատեսությանը տված մեկնաբանությունում նրանք նշել են, որ դեռ չեն կարող գնահատել՝ որքան մարդ կարող է ողջ մնացած լինել այն վագոններում, որոնք կրել են բախման հիմնական ուժը։

Ադամուս մունիցիպալիտետի ղեկավարը, որի տարածքում դուրս են եկել գնացքները, ասել է, որ եղել է դեպքի վայրում առաջիններից։

«Ես տեսա ուղևորի, որի մարմինն այնքան խեղված էր, որ անհնար էր ճանաչել», – պատմել է պաշտոնյան El Pais թերթին։

Leave a Comment