Նախագիծ․ Ապրիլի 1-ից կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով

Նախագիծ․ Ապրիլի 1-ից կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով

19 հունվարի 2026 – 13:47 AMT

PanARMENIAN.Net – Եթե կառավարությունը ընդունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծը, ապա ապրիլի 1-ից կենսաթոշակները կվճարվեն բառացապես անկանխիկ եղանակով։

Գործող կարգավորումների համաձայն՝ կենսաթոշակը հնարավոր է ստանալ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն հանդիսանում է ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ, կամ եթե նրա տարիքը գերազանցել է 75-ը։ Բացի այդ, կանխիկ ստանալու իրավունք ունեն նաև անչափահասները և խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուների օրինական ներկայացուցիչները՝ լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասների միջոցով, գրում է Factor.am-ը:

Նոր նախագծով, սակայն, նախատեսվում է անցում կատարել լիարժեք անկանխիկ համակարգի։ Միևնույն ժամանակ, մինչև մարտի 31-ը կենսաթոշակառուն հնարավորություն կունենա ներկայացնել դիմում՝ վճարման եղանակը փոփոխելու համար։

«2026 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակը ձևավորելիս համապատասխան բնակավայրում հաշվառված՝ կենսաթոշակն կանխիկ եղանակով ստացող անձանց համար բանկի ընտրությունն իրականացնում է միասնական սոցիալական ծառայությունը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով տվյալ բնակության վայրում այդ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակում ներառման ենթակա՝ կենսաթոշակ ստացող անձանց թվի համամասնություններն՝ ըստ վճարող բանկերի։ Անկանխիկ եղանակով կենսաթոշակ կվճարվի նաև այն դեպքում, երբ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից ստացված` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի 2026 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է»,-նշվում է նախագծում։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ առաջարկվող փոփոխությունը բյուջեի եկամուտների վրա ազդեցություն չի ունենա, սակայն պետական ծախսերը կարող են կրճատվել՝ անկանխիկ համակարգի ներդրման շնորհիվ։

Leave a Comment