
Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վնասվել է ավելի քան 250 դպրոց, 300 մզկիթ և 90 կրոնական ուսումնական հաստատություն: Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԻԻՀ խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։ Նա նաև նշել է, որ իրավապահ մարմինների ավելի քան 3700 աշխատակից է վիրավորվել։
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 29-ին՝ իրանական ռիալի կտրուկ անկման պատճառով։ Reuters-ը՝ հղում կատարելով իրանցի անանուն պաշտոնյային, հաղորդում է, որ ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 5000 մարդ, այդ թվում՝ անվտանգության 500 աշխատակից։ HRANA իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է 3919 զոհի մասին։