Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը չի շտապում կանխատեսումներ կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումների վերաբերյալ։
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբինյանն ասել է, որ հնարավոր զարգացումների վերաբերյալ ոչինչ չի ասի, քանի որ փորձը ցույց է տվել, որ ավելի լավ է սպասել զարգացումներին, և որևէ բանի մասին հայտարարել, երբ դա արդեն տեղի կունենա։
«Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ ձևով կտեղեկացնեմ։ Թույլ տվեք հիմա բան չասել, որովհետև ես ուզում եմ հայտնել որևէ բան, երբ որ դա տեղի ունենա»,-ասել է Ռուբինյանը։
Անդրադառնալով երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացվելուն կամ գործընթացը դյուրացնելուն՝ Ռուբինյանը հիշեցրեց, որ դրա մասին պայմանավորվածություն կա դեռևս 2022 թվականից։
«Միայն կարող եմ ասել այն, ինչը հրապարակային է, որ Թուրքիան վերականգնում է Ալիջանի անցակետը»,-ասաց Ռուբինյանը։
Ռուբինյանի խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ Երևանը ուզում է ունենալ ամբողջապես բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերությունները հենց վաղը, և այս առումով այդ դիրքորոշման մեջ բան չի փոխվել։