19 հունվարի 2026 – 13:05 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ ՀՅԴ-ն հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո չի ունենա ներկայիս ներկայացվածությունը։
«ՀՅԴ-ի գործն է՝ ինչ ֆորմատով ուզում են մասնակցեն։ Ես վստահ եմ՝ այն ներկայացվածությունը, որ «Հայաստան» դաշինքն այսօր ունի, էլ չի ունենալու։ Կարծում եմ՝ միգուցե հնարավոր է ինչ-որ փոքրակազմ չափով ներկայացված լինի, մինիմալ շեմը հաղթահարի, այն էլ՝ այն պատճառով, որ ԸՕ համաձայն այլևս կուսակցությունների ու դաշինքների համար անցողիկ շեմը 1 տոկոսով իջեցվել է»,– ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:
Սիմոնյանի խոսքով՝ նման ուժերը շարունակում են մնալ անցյալում ձևավորված քաղաքական տրամաբանության մեջ և համարժեք չեն արձագանքում նոր իրողություններին։
«Թող անեն հայ ժողովրդին էդ առաջարկը, որ ասեն՝ գալիս են պատերազմ են սկսում, այլ դիվանագիտություն են անելու, ՌԴ-ի հետ այլ հարաբերություններ կկառուցեն։ Հայ ժողովուրդը կորոշի։ Բայց կարծում եմ՝ մերժել է ու մերժելու է»,-ասել է խոսնակը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովում իր հերթին հույս է հայտնել, որ նոր գումարման Ազգային ժողովում ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն՝ առնվազն իշխանության մակարդակով:
«Նստած չի լինի, որպեսզի մեր երկրում վերականգնվի սահմանադրական կարգը, որն այս իշխանությունը տապալել է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա հավելել է, որ նստաշրջանի հենց սկզբից մեծամասնությունը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում շարունակել իր ապօրինի գործողությունները, այդ թվում նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունները չարաշահելով:
Ըստ նրա, նվազագույն իրավունքը, որ տրված է ընդդիմությանը, մեծամասնությամբ մերժում են։
«Դուք առհասարակ ամեն ինչ եք մերժում՝ մերժել եք Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացուն։ Հիմա եկել եք, այստեղից կանգնել եք ու հոխորտոմ եք ընդդիմության վրա, թե ինչու չեք ծանոթանում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Ընդդիմության մեծ մասը ապօրինի քրեական գործերի հարուցման տակ է, ներառյալ ես։ Այո, ըստ օրենքի ես իրավունք չունեմ ծանոթանալու այդ զեկույցին։
Հոխորտացեք իրավապահ մարմինների վրա, որ նման ապօրինություններ չանեն, հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակվում է գործել Սահմանադրությամբ պաշտպանվող եկեղեցու վրա, հոխորտացեք այդ ուղղությամբ, ոչ թե ընդդիմության վրա»,- ասել է Մինասյանը։
Նա ընդգծել է, որ գործող իշխանությունը «տապալել է սահմանադրական կարգը», և հավելել՝ վստահ է, որ հաջորդ խորհրդարանում իշխող ուժը չի ունենա ներկայիս դիրքը։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: