Սննդով ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի մոտ․ Սամսոնյանի աջակիցներից 3-ին ներս են հրավիրել

Սննդով ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի մոտ․ Սամսոնյանի աջակիցներից 3-ին ներս են հրավիրել

19 հունվարի 2026 – 13:21 AMT

PanARMENIAN.Net – Արդեն 11 օր հաղացդուլի մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև:

Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի հետ կապված մտահոգությունները բարձրաձայնելու նպատակով ակցիայի մասնակիցները սնունդ էին բերել և շարել են գրասենյակի աստիճաններին, սակայն ներսից դուրս եկած կինը սկսեց այն հավաքել ու տեղավորել աղբի տոպրակի մեջ, հայտնում է «Ազատությունը»:

Խուլիգանության մեղադրանքով ավելի քան երկու ամիս կալանավորված փոդքասթերն առողջական խնդիրներ ունի, ահազանգում են փաստաբանները: Նրանցից Աստղիկ Մաթևոսյանն ասել է, որ Սամսոնյանը շտապ վիրահատության կարիք ունի, երեկ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշակի ստուգումներ է անցել:

Ակտիվիստները շեշտել են, որ այն կառույցը, որի պարտականությունն է պաշտպանել քաղաքացիների իրավունքները, մինչև այժմ որևէ հայտարարություն չի արել արդեն 11 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի իրավունքների վերաբերյալ։ Նրանց խոսքով՝ ՄԻՊ-ի գրասենյակից որևէ ներկայացուցիչ դեռ չի այցելել նրան և չի արձագանքել ստեղծված իրավիճակին։

Ակցիայի մասնակիցներին է մոտեցել պաշտպանի խոսնակ Արթուր Ասլանյանը և հրավիրել հանդիպման, հայտնում է Sputnik Արմենիան:

«Գրասենյակում նշվածի առնչությամբ որևէ դիմում-բողոք չի ներկայացվել։ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ աշխատանքներ իրականացվել են։ Հիմա պատրաստ ենք 3-4 հոգու հետ ներս մտնել ու քննարկել այն, ինչ կատարվում է»,- նշել է Ասլանյանը։

Դատավորը հունվարի 9-ին նիստին բավարարել է դատախազի՝ հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը ևս երեք ամսով երկարացնելու միջնորդությունը, ինչից հետո Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին:

Leave a Comment