Չիլիում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով. առնվազն 18 մարդ է զոհվել

Չիլիում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, 50,000 մարդ էլ տարհանվել է ավելի անվտանգ տարածքներ, գրում է Sky news-ը։

Կիրակի հրշեջները պայքարել են երկրի տարածքում 24 տարբեր հրդեհների դեմ, որոնցից ամենամեծը մոլեգնում է Նուբլեի և Բիո Բիո շրջաններում։ Կառավարությունն այստեղ արտակարգ դրություն է հայտարարել։ Շրջանները գտնվում են մայրաքաղաք Սանտյագոյից շուրջ 500 կմ հարավ։

«Լուրջ անտառային հրդեհների լույսի ներքո ես որոշել եմ աղետի դրություն հայտարարել Նուբլեի և Բիո Բիո շրջաններում։ Բոլոր ռեսուրսները հասանելի են»,- գրել է Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը X-ում։

Տեղական պաշտոնյաները, սակայն, հայտարարել են, որ կիրակի ժամեր շարունակ ավերածություններ են եղել ամենուր, և դաշնային կառավարության օգնությունը ոչ մի տեղ չի եղել։

«Հարգելի նախագահ Բորիչ, ես այստեղ եմ չորս ժամ, համայնքը այրվում է, և (կառավարության) ներկայություն չկա։ Ինչպե՞ս կարող է նախարարը ոչինչ չանել՝ բացի ինձ զանգահարելուց և ասելուց, որ զինվորականները որոշ պահի ժամանելու են»,- ասել է Բիոբիո շրջանի Պենկո փոքրիկ ափամերձ քաղաքի քաղաքապետ Ռոդրիգո Վերան։

Գրեթե 33 քառակուսի մղոն տարածք արդեն այրվել է, տուժել են մի քանի համայնքներ։ Իշխանությունները նշում են, որ ուժեղ քամիները և անսովոր բարձր ջերմաստիճանը վատթարացնում են իրավիճակը։

Չիլին և Արգենտինան տարեսկզբից ի վեր վերապրել են ծայրահեղ ջերմաստիճաններ և ջերմային ալիքներ, իսկ այս ամսվա սկզբին Արգենտինայի Պատագոնիայում ավերիչ անտառային հրդեհներ են բռնկվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment