Ռուբինյան․ Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, այլ բան թույլ տվեք չասեմ

Ռուբինյան․ Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, այլ բան թույլ տվեք չասեմ

19 հունվարի 2026 – 13:23 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հեռանկարի մասին, ասել է, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը:

Նա հիշեցրել է, որ ՀՀ-ի ու Թուրքիայի միջև 2022թ. պայմանավորվածություն է եղել երրորդ երկրների ու դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար սահմանը բացելու մասին, հայտնում է Radar Armenia-ն:

«Այլ բան հիմա թույլ տվեք չասեմ, երբ ժամանակը գա, կասեմ։ Միայն կասեմ այն, որ հրապարակային է՝ թուրքական կողմն ասել է, որ վերականգնում է Ալիջանի անցակետը»,- նշել է նա՝ հավելելով, որ փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում ավելի լավ է ինչ-որ բան լինի, նոր այդ մասին խոսվի։

Անդրադառնալով Թուրքիայի՝ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական գործընթացները միմյանց կապելու հայտարարություններին, նա ասել է, որ ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի ՀՀ-Ադրբեջան գործընթացին, այլև կօգնի:

«ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները տարբեր են, բայց քանի որ նույն տարածաշրջանում ենք, կարող են փոխազդել միմյանց վրա, և կարծում ենք, որ ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի ՀՀ-Ադրբեջան գործընթացին, այլև կօգնի ու նոր ազդակ կտա։ Բացի այդ, չենք կարող չնկատել, որ ՀՀ-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա՝ օգոստոսի 8-ի հռչակագիրը խաղաղության վերաբերյալ, երկաթգծի առնվազն մասնակի ապաշրջափակումը, և ընդհանուր առմամբ գործընթացները դրական ուղղությամբ են գնում, որոշ արդյունքներ արդեն տեսնում ենք, որոշ արդյունքներ կտեսնենք»,-ասել է Ռուբինյանը:

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու մի քանի հատվածների շտապ վերականգնման համար դիմել է Ռուսաստանին։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ արծարծվել են նաև այդ հարցերը։ ՀՀ երկաթուղիների կառավարիչը 2008 թվականից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն է` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը:

Leave a Comment