Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով նավթի մատակարարումները շարունակում են նվազել

Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով նավթի մատակարարումները շարունակում են նվազել

19 հունվարի 2026 – 12:04 AMT

PanARMENIAN.NetԲաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխվող նավթի ծավալը երրորդ տարին անընդմեջ նվազում է։ Տեղափոխվող նավթի ծավալը 2025 թվականին կազմել է 27․2 մլն տոննա, ինչը 2․3 մլն տոննայով պակաս է 2024 թվականի ցուցանիշից, գրում է Sputnik Արմենիան Վրացական նավթագազային կորպորացիայի վրա հղումով:

Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ 2023 թվականից սկսած՝ Բաքու-Սուփսա խողովակաշարով գրեթե մատակարարումներ չեն իրականացվել, իսկ այդ ուղղությամբ աշխատանքները գրեթե ամբողջությամբ դադարեցվել են։

2025 թվականի ամռանը տեղեկություններ են հայտնվել, թե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով մատակարարվող հումքը պարունակում է օրգանական քլորիդներ, որոնք օգտագործվում են արդյունահանման ավելացման համար։ Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը նույնիսկ հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (երբեմն կրճատված իբրև ԲԹՋ նավթամուղ) 1768 կմ ընդհանուր երկարության խողովակաշար է՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Նավթամուղը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի հարավարևելյան նավահանգիստ Ջեյհանին։ Նավթամուղի կառուցումն արժեցել է 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Խողովակաշարի սեփականատերն է 11 էներգետիկ ընկերություն միավորող և BP ընկերության կողմից կառավարվող կոնսորցիումը։

Leave a Comment