19 հունվարի 2026 – 12:15 AMT
PanARMENIAN.Net – ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սարսափելի նվաստացուցիչ է, որ 99 տարով «զիջելով մեր ինքնիշխանությունը մեզ համար հսկայական ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում, միջազգայնորեն լեգիտիմացնելով Ադրբեջանի հատուկ կարգավիճակը Զանգեզուրի «միջանցքում», որպես կորուստը մեղմացնող քաղաքական ողորմություն ստանում ենք 4 գերիների ազատումը»:
Նա հորդորել է չհուսահատվել, քանի որ «արժանապատվությունն ու ազգային շահերը վերականգնելու են»:
«Սա Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ պերճանքն ու սնանկությունն է: Այստեղ սկի դիվանագիտություն էլ չկա: Նրան ականջը բռնած ուղղակի տանում են դեպի նախագծված ապագա, որի մասին սկի չեն էլ հայտնում: Դրա համար էլ նա ոչ մի դարդ չունի. հեծանիվ ա քշում, թմբուկ հարում, ժողովրդի համար դիջեյություն անում ու սրտիկներ բաշխում:
Նրա գործը այլևս մեր ժողովրդի ցավազրկումն է, և ցավազրկման համար ինչ պետք ա, նրան կուղարկեն:
Հա, մի գործ էլ են հանձնարարել` «հիբրիդային» պատերազմը մեր ինքնության դեմ:
Չհուսաթափվեք, մեր արժանապատվությունն ու ազգային շահերը վերականգնելու ենք: Այդ ժամանակ Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը և մենք կունենանք իսկական հաշտություն բոլոր հարևանների հետ»,-գրել է նա:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։