
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Գրենլանդիայի և Արկտիկական տարածաշրջանի անվտանգությունը։
Ռյուտեն այս մասին կիրակի գրել է X սոցիալական ցանցում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ երկու կողմերը կշարունակեն նման շփումները, մասնավորապես՝ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում, որը տեղի կունենա հունվարի 19-ից 23-ը։
ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու իր մտադրության մասին, քանի որ դա կարևոր է համարում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար։ Միևնույն ժամանակ, Դանիայի կառավարությունը, որի կազմում է գտնվում կղզին` որպես ինքնավար տարածք, հայտարարել է, որ չունի այն զիջելու մտադրություն։ Գրենլանդիայի կառավարությունն էլ բազմիցս հավաստիացրել է, որ հետաքրքրված չէ Միացյալ Նահանգների մաս կազմելով։