17 հունվարի 2026 – 14:16 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով նիստում քննարկված հիմնական հարցերը։ Վերահաստատելով իր բացարձակ համերաշխությունն ինչպես «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին, այնպես էլ «մյուս քաղբանտարկյալներին, կուսակցության Գործադիր մարմինն ընդգծել է, որ օրինական և հասանելի բոլոր միջոցներով, ներառյալ միջազգային կապերի օգտագործմամբ, պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար»։
«Նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվեցին ինչպես տարածաշրջանային վերջին զարգացումները, այնպես էլ ներքաղաքական օրակարգի հարցեր։
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցին։
Հնչեցված կարծիքների եւ մոտեցումների հիման վրա որոշում կայացվեց շարունակել այս հարցի քննարկումները, իսկ վերջնական արդյունքների մասին համապատասխան ժամկետում տեղեկացնել հանրությանը։
Կուսակցության Գործադիր մարմինը նաեւ իր խորը մտահոգությունը հայտնեց քաղաքական բանտարկյալ, լրագրող եւ բլոգեր Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ, ով իր ապօրինի կալանավորման դեմ պայքարի շրջանակներում գտնվում է անժամկետ հացադուլի մեջ»,-ասվում է հայտարարության մեջ:
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի հացադուլի ութերորդ օրն է, սակայն համակարգված քաղաքական գնահատական չկա։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավորՄանվելՇահվերդյանի նախագահությամբ, որոշել է 3 ամիսով երկարաձգել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։ Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ իր ձևակերպմամբ՝ «իրավական խայտառակությունը դադարեցնելու» պահանջով։