Ադրբեջանական զենք տեղափոխող «Silk Way»-ի ինքնաթիռները թռչում են Հայաստանի օդային տարածքով

18 Հունվարի, 2026

Ադրբեջանական «Silk Way» բեռնատար ավիաընկերության ինքնաթիռները սկսել են թռչել Հայաստանի օդային տարածքով: Այդ մասին հայտնում է  «Sputnik Արմենիան»։

««Silk Way»–ն առավել հայտնի է որպես դեպի Ադրբեջան զենք փոխադրող ավիաընկերություն։

Օրերս «Sputnik Արմենիայի» լրագրողը Հայաստանի օդային տարածքով նման թռիչքներից մեկն արձանագրել է «Flightradar24» հարթակում։

Ինքնաթիռը Նախիջևանից Բաքու էր թռչում։ Ընդ որում, Իլ–76 ինքնաթիռը Ադրբեջանի մայրաքաղաքից Նախիջևան է հասել Վրաստանի և Թուրքիայի տարածքով։

«Sputnik Արմենիային» «Հայաէրոնավիգացիայից» հաստատել են, որ հայկական տարածքով նման թռիչք իրականացվել է։ Ավելին, այստեղից հայտնել են, որ սա առաջին չվերթը չէ` նման թռիչքներ գրանցվել են նաև 2025 թվականին՝ կապված եղանակային բարդ պայմանների հետ։

Նշենք, որ ադրբեջանական «Silk Way» ընկերությունը հաճախ օգտագործվում է Ադրբեջան զենք-զինամթերք մատակարարելու, ինչպես նաև Բաքվի և Նախիջևանի միջև ռազմական նշանակության չվերթեր իրականացնելու համար»:

Leave a Comment