Տնային կալանքի դեպքում մեղադրյալը կարող է շարունակել հեռավար կրթությունը. նոր օրենքի նախագիծ

Iravaban.net ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է տնային կալանավորներին հնարավորություն տալ շարունակել հեռավար (դիստանցիոն) կրթությունը՝ հաղորդակցության սահմանափակումներից բացառություն սահմանելով։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը։ Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել ի թիվս այլնի ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց։

Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով։

«Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետի համաձայն՝ հեռավար (դիստանցիոն) կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 09-Ն հրամանով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները։

Միջազգային-իրավական փաստաթղթերը

Անազության մեջ պահվող անձանց իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի պատշաճ իրականացման մեխանիզմների անհրաժեշտությանն անդրադարձել են նաև մի շարք միաջազգային-իրավական փաստաթղթեր։

«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 28-րդ հոդվածով մասնակից երկրներին կոչ է արվում ճանաչել կրթություն ստանալու՝ երեխայի իրավունքը, խրախուսում է կրթության տարբեր տեսակների, այդ թվում՝ մասնագիտական կրթության կազմակերպումը և կրթության վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը բոլոր երեխաների համար։

Կրթության իրավունքն ամրագրված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից արձանագրությամբ, որի 2-րդ հոդվածը սահմանում է, որ «Ոչ ոքի չի կարելի մերժել կրթության իրավունքը»։

ՄԱԿ-ի Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ նվազագույն ստանդարտ կանոններում (Պեկինյան կանոններ) ընդգծվում է, որ իրավախախտում կատարած անչափահասներին հասարակությունում վերաինտեգրելու և հետագա հանցավորությունը կանխարգելելու գործում կարևոր են նաև սոցիալական կառույցների (ընտանիք, դպրոց և այլն) ներգրավումը և մասնագիտական կրթության ու աշխատանքի կազմակերպումը։ Սահմանված է, որ ազատությունից զրկված լինելու ժամանակահատվածում անչափահասները պետք է ստանան խնամք, պաշտպանություն և անհրաժեշտ այլ անհատական օժանդակություն՝ սոցիալական, կրթական, մասնագիտական ուսուցման, հոգեբանական և այլն։

«Անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելման մասին ՄԱԿ-ի ուղենիշները» (Ռիադյան ուղենիշներ) ևս անդրադառնում են անչափահաս դատապարտյալների կրթության խնդիրներին։ Նշվում է, որ սոցիալականացման գործընթացում բոլոր երեխաների բարեհաջող ինտեգրումն ապահովելու համար շեշտն անհրաժեշտ է դնել կանխարգելման քաղաքականության վրա, հատկապես ընտանիքի, համայնքի, դպրոցների ներգրավման, մասնագիտական ուսուցման միջոցով։

Վերոգրյալ իրավակարգավորումների համադրված և համակարգային վերլուծության արդյունքում կարելի է հանգել այն հետևության, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաչանքյուր ոք ունի կրթության իրավունք, այդ թվում՝ այն անձինք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Միաժամանակ, գործնականում ներկայումս հնարավոր չի լինում ապահովել վերջիններիս կրթության իրավունքի պատշաճ իրացումը, քանի որ բացակայում են անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները։ Նկատի ունենալով, որ տնային կալանք խափանման միջոցը ենթադրում է, որ անձի ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակված է և վերջինս չի կարող այցելել ուսումնական հաստատություններ, առավել նպատակահարմար է վերջիններիս կրթությունը կազմակերպել հեռավար (դիստանցիոն) կարգով։

Առաջարկվող կարգավորումը

Նախագծով առաջարկվում է քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացում և սահմանել իրավակարգավորում այն մասին, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս՝ նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններ, հաղորդակցության այլ ձևերից (այդ թվում՝ փոստային առաքանուց) օգտվելու սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու համար կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու դեպքերի նկատմամբ։

Մասնավորապես՝ Օրենսգրքի 123-րդ հոդվածը կլրացվի նոր՝ 3.1-րդ կետով՝ «Մեղադրյալի կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումից դատարանի որոշմամբ կարող է սահմանվել բացառություն՝ կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու մասով»։

Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունմամբ կապահովվի տնային կալանավորների՝ Սահմանադրությամբ երաշխավորված կրթության իրավունքի իրականացումը, կստեղծվեն անհրաժեշտ իրավական նախապայմանները մեղադրյալների կրթության շարունակականության համար՝ միաժամանակ պահպանելով խափանման միջոցի արդյունավետությունը։

Այլ իրավական ակտերի անհրաժեշտություն

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 09-Ն հրամանում։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն առաջանա։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից։

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը,- տեղեկացնում է Iravaban.net։

Leave a Comment